ՕԳՏՎՈՂԻ ՄՈՒՏՔ
Գրանցում
вернуться к обычному виду

"Կարող է ծայրահեղական թվալ, սակայն արդյունքի չհասնելու դեպքում կարելի է կազմակերպել գիտաշխատողների գործադուլ և խաղաղ ցույցեր" - Վահրամ Ղազարյան

19.03.2013 Մեկնաբանություններ:0 Գնահատականը:4,67/5
Վահրամ Ղազարյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ա.Կ.Աթանեսյանի ղեկավարած "Բյուրեղների աճ" լաբորատորիայում, պլանավորում է՝ մոտակա ժամանակ պաշտպանել թեկնածուական ատենախոսություն: Խումբն զբաղվում է նյութագիտությամբ:

Հետազոտում են ամինաթթուների և տարատեսակ թթուների փոխազդեցությունները, փորձում են ստանալ նոր աղեր, որոշել դրանց մոլեկուլային և բյուրեղային կառուցվածքը։ Իրականացնում են ստացված աղերի սպեկտրասկոպիկ հետազոտություն, ուսումնասիրում դրանց հատկությունները, բացահայտում և ներկայացնում դրանց կառուցվածքային բացառիկ առանձնահատկությունները, ապա աճեցնում են նպատակահարմար համարվող բյուրեղները:

Ստացել են ամինաթթուների բազմաթիվ նոր բյուրեղային աղեր: Մասնավորապես, ստացել են 20-ից ավելի դիմերային կատիոններով աղեր (նախկինում ամենաշատը 12 աղ էր ստացված՝ Ռաջարամի խմբի կողմից) և 40-ից ավելի տարանիոն խառը աղեր (նախկինում այլ հեղինակների կողմից միայն 4 աղ էր ստացված) և, փաստորեն, այս ուղղություններով առաջատար դիրք են գրավում աշխարհում: Այս աղերից որոշները կարող են ցուցաբերել անհրաժեշտ ֆիզիկական հատկություններ և կարիք ունեն հետագա ուսումնասիրման:

Բացի այդ, ստացել են ամինաթթուների աղերի մի շարք, հայտնաբերել են դրանց հակա-ատամնափուտային և ատամի գերզգայնությունը նվազեցնող ազդեցությունը, ատամնաբույժների հետ համատեղ հաստատել են դրանց արդյունավետությունը կենդանիների դեպքում և ստացել գյուտի ՀՀ արտոնագիր, այժմ աշխատում են՝ դրանց հիման վրա նոր դեղամիջոցի մշակման ուղղությամբ:

2012 թ. կատարված են աշխատանքները երեք համահեղինակներով են` Վահրամը, իր գիտական ղեկավար Ա.Մ. Պետրոսյանը, ում հետ պլանավորում և իրագործում են ամինաթթուների նոր աղերի ստացումը ու կատարում դրանց սպեկտրասկոպիկ հետազոտությունը, աճեցնում դրանց բյուրեղները և այլն, և Մ. Ֆլեքը, ով իրականացնում է ստացած նոր բյուրեղների բյուրեղային կառուցվածքի որոշումը ռենտգեն-կառուցվածքային վերլուծության միջոցով:

Աշխատանքները ներկայացվել են մի քանի գիտաժողովներում՝

International Conference Laser Physics 2011, Ashtarak, Armenia 11-14 October, 2011; International Conference on Electron, Positron, Neutron and X-ray Scattering Under External Influences, 18-22 October 2011, Yerevan-Megri, Armenia; 5-th Asian conference on Crystal Growth and Crystal Technology (CGCT5), 26 June-1July 2011, Singapore։

Վերջին գիտաժողովում ներկայացրած աշխատանքներից մեկը եղել է հրավիրված զեկուցում: Ստացել են մի շարք գիտական դրամաշնորհներ։ Առաջինը եղել է «L-հիստիդինի խառը աղերի ստացումը և հետազոտումը՝ որպես ոչ գծային օպտիկական նոր նյութեր» (2008-2010) թեմատիկ ֆինանսավորման դրամաշնորհը:

Հաջորդը «Mixed Salts of Amino Acids as a Mine of New Materials» ANSEF դրամաշնորհն էր (2009): Այնուհետ կատարել են «Ատամի ոսկրափուտի» (կարիեսի) կանխարգելման եվ ատամի գերզգայունության նվազեցման նոր արդյունավետ միջոց» կիրառական հետազոտությունների նախագծի դրամաշնորհային պայմանագիրը (2011-2012):

Այժմ էլ նոր ANSEF դրամաշնորհ են շահել, որի վերնագիրն է՝ «Mixed salts of amino acids with different anions comprising hexafluorosilicate anion» (2013): Բացի այն, որ դրամաշնորհները որոշ ֆինանսական աջակցություն են տրամադրում կատարողներին, դրանք կարևորվում են նաև նրանով, որ միջոցներ են հատկացնում աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ նյութերի և սարքավորումների ձեռք բերման համար, առանց որոնց հնարավոր չէ իրականացնել տվյալ աշխատանքը, միջոցներ են ապահովում գործուղումների, գիտաժողովների մասնակցության համար, ինչը թույլ է տալիս ներկայանալ միջազգային գիտական հանրությանը, ճանաչվել և ճանաչել մյուսներին, կապեր հաստատել, ինչը թույլ է տալիս առավել ինտեգրվել համաշխարհային գիտությանը:

Ներկա պահին միջազգային համագործակցության ծրագրեր չունեն, սակայն հայտ են ներկայացրել ռուս-հայկական համատեղ ծրագրերի մրցույթին: Այնուամենայնիվ, համագործակցում են արտերկրյա տարբեր մասնագետների հետ` փոխլրացնելով միմյանց:

Այդ համագործակցությունների մակարդակը բարձր է, սակայն ծավալը՝ միայն բավարար: Պետք է նշել, որ նմանատիպ համագործակցությունների համար հաճախ կարևոր է լինում համատեղ դրամաշնորհների առկայությունը, ինչը հող է հանդիսանում այդ շփումների համար:

-Վահրամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության համատեղ իրականացված «Հայկյան» մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգում Ձեր աշխատանքը լավագույն եռյակում էր։ Դիմել եք նաև «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մրցանակաբաշխությանը` քիմիայի ոլորտում Ջ. Չամիչյանի անվան մրցանակի համար։ Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ վերաբերում այս և վերջերս նախաձեռնված մյուս մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին։

-Մրցանակաբաշխությունների անցկացումը կատարված աշխատանքների գնահատումն է ինչ-որ սկզբունքներով, որի արդյունքում մրցանակի, ֆինանսական խրախուսման է արժանանում վերջնական աշխատանքը: Դա ինքնին, իհարկե, դրական երևույթ է և ինչ-որ չափով ոգևորող ազդեցություն ունի: Սակայն շատ ավելի կարևոր եմ համարում ոչ թե վերջնական՝ կատարված աշխատանքի ֆինանսավորումը, այլ կատարվելիք աշխատանքի ֆինանսավորումը, որը կհանգեցնի ավելի մեծ արդյունքների ստացմանը:

-Այս տարի, Հայկյան մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս, որպես հիմք ընդունվել է միջազգային գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանակը, իսկ անցյալ տարի դիտարկվում էր հղումների թիվը։ Ձեր կարծիքով ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում մրցանակի անվանակարգը՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»։ Ընդհանրապես, ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ չափանիշներով արժե անցկացնել այս մրցույթը հաջորդ տարիներին։

-Կարծում եմ, չկա բացարձակ մի չափանիշ, որը հաշվի առնելով՝ հնարավոր կլինի չսխալվել և լինել լրիվ օբյեկտիվ: Օրինակ, տպագրությունների քանակը հաշվի առնելն ունի հետևյալ թերությունը, որ տվյալ գիտնականը կարող է ունենալ քիչ թվով աշխատություններ, բայց այնպիսի աշտատանքներ, որոնք որակապես նոր խոսք են ասում և կարող են հեղափոխական լինել տվյալ ոլորտի հետագա զարգացման համար, ուստի ավելի կարևոր են, քան մեկ ուրիշի բազմաթիվ աշխատությունները, որոնք ինչ-որ իմաստով կրում են շարքային բնույթ: Հղումների թիվն էլ կախված է շատ գործոններից. կատարված աշխատանքի արժեքավոր լինելուց, թեմայի արդիականությունից, տվյալ ոլորտով զբաղվողների թվից, տպագրելուց հետո անցած ժամանակահատվածից և այլն ու կարող է փոխվել՝ կախված այս կամ այն կոնկրետ գործոնի դոմինանտությունից տվյալ ժամանակահատվածում:

-Որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները, ի՞նչ պետք է անել։

-Պետության ներկայիս ղեկավարները ցանկացած ոլորտում, այդ թվում՝ գիտության մեջ, ուզում են տեսնել եկամտաբերություն, ինչը բազմիցս փաստել են իրենց ելույթներում: Նրանք ուզում են «կիրառական գիտություն» այլ ոչ թե «հիմնարար գիտություն»: Դա է հաստատում նաև 2010 թ. ԳՊԿ կողմից անցկացրած կիրառական նախագծերի ֆինանսավորման մրցույթը: Սակայն այդպիսի դասակարգումը սխալ է, գիտությունը մնում է գիտություն, պարզապես այն կարող է ունենալ իր կիրառությունները և պետք չէ մեկը մյուսից գերագնահատել, քանի որ դրանք զուգահեռ են զարգանում: Իսկ ինչ վերաբերում է գիտությանը հատկացվող միջոցների զգալի ավելացմանը, պետք է կառավարությանը հանգամանորեն ներկայացնել ստեղծված իրավիճակը, առկա խնդիրները, ծառացած ռիսկերը, ինչը կարծում եմ, արվում է: Կարող է ծայրահեղական թվալ, սակայն արդյունքի չհասնելու դեպքում կարելի է կազմակերպել գիտաշխատողների գործադուլ և խաղաղ ցույցեր:

-Որո՞նք են երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները, ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծման ուղիները։

-Երիտասարդների մոտ, ովքեր ուզում են դառնալ գիտաշխատող, ցածր աշխատավարձի պատճառով ծագում է երկընտրանք. ընտրել գիտությա՞ն ճանապարհը, թե՞ ոչ: Գիտաշխատող դարձածների մի մասը ընթացքում լքում են գիտության ոլորտը կամ, հաջողության դեպքում, գնում են արտասահմանում աշխատելու, մեծ մասը համատեղում են այլ աշխատանքի հետ և միայն աննշան մասն է, որ զբաղվում է միայն գիտությամբ: Սա անհրաժեշտ է, որպեսզի երիտասարդը չմտածի կենցաղային խնդիրների մասին և կարողանա իր ուժն ու եռանդը սևեռել գիտական գործի վրա: Աշխատանքի արդյունավետության համար անհրաժեշտ պայմաններից մեկը աշխատանքային պայմանների բարելավումն է, որը ենթադրում է՝ ժամանակակից սարքավորումներով ապահովում, ինչպես նաև անհրաժեշտ նյութերով ապահովում: Արդիական աշխատանք կատարելու համար էլ անհրաժեշտ է տեղյակ լինել տվյալ ոլորտում կատարված աշխատանքներին, որի համար օդի ու ջրի պես պետք է՝ ստեղծել հնարավորություն՝ օգտվելու խոշորագույն գիտական գրադարաններից: Ինչպես տեսնում եք, այս բոլոր խնդիրները ֆինանսական են, և պետության աջակցությունը այս խնդիրների լուծման համար շատ կարևոր է: Անհրաժեշտ է էապես ավելացնել գիտության ֆինանսավորումը։

-Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյո՞ք երիտասարդ և ոչ երիտասարդ գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։

-Ցանկացած ոլորտի աշխատող իրավունք ունի և պետք է կարողանա պաշտպանել իր շահերը, և առկա խնդիրների բարձրաձայնումը դրա դրսևորումներից մեկն է, ու այն ոչ թե վնասում է գիտությանը, այլ ընդհակառակը՝ ուղղված է վերջինիս լավացմանը: Թե ինչքանով է դա հաջողվում անել, դա արդեն մեկ այլ խնդիր է: Ինչ վերաբերում է գիտության կոմերցիալիզացիային, ես դրան վատ աչքով չեմ նայում և հարց եմ ուղղում ձեզ. «Եթե հնարավորություն կա, ինչու չպետք է գիտնականը քաղի իր կատարածի պտուղները, այլ դա անի որևէ բիզնեսմեն»:

-Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, թե՞ արտասահմանում։

-Կցանկանայի աշխատել իմ երկրում, հնարավորություն ունենալով աշխատել որոշ ժամանակ նաև արտասահմանում, բայց դրա համար պետք է էապես լավացվեն այստեղ աշխատելու պայմանները:

-Ի՞նչ կկամենայիք մաղթել երիտասարդ գիտնականներին ու, ընդհանրապես, գիտական հանրությանն այս տարի։

-Բեղմնավոր աշխատանքային տարի, աշխատանքային պայմանների և հնարավորությունների բարելավում:

 
Մանե Հակոբյան
Մեկնաբանություններ:0Оставить комментарий
Գնահատականը:4,67/5Оставить оценку
Использован шрифт AMG Anahit Semi Serif предоставленный ООО <<Аракс Медиа Групп>>