ՕԳՏՎՈՂԻ ՄՈՒՏՔ
Գրանցում
вернуться к обычному виду

"Ցեղասպանության հարցը դեռևս չի թևակոխել ցեղասպանագիտության՝ գիտական ուսումնասիրման միջազգային փուլ" - Տիգրան Սարուխանյան

19.04.2013 Մեկնաբանություններ:0 Գնահատականը:3,8/5
Մոտենում ենք Հայոց մեծ եղեռնի 100–ամյակին, իսկ անկախության 20–ամյակն արդեն թևակոխել ենք։ Հարց՝ ինչո՞վ են այս երկու «ամյակ»–ները կապվում, պատասխանը շատ պարզ է. հայտնի է, որ մինչ անկախացումը սովետների երկիրը վարում էր մի քաղաքականություն, ըստ որի արգելված էր բարձրաձայնել ցեղասպանության հարցը, ազգի անունից խոսողը պիտակավորվում էր «նացիոնալիստ» կոչմամբ։ Դեռ մեծ «առաջընթաց» էր այն, որ թույլատրվեց կառուցել ցեղասպանության հուշարձան՝ Ծիծեռնակաբերդը, ինչն իհարկե հեշտությամբ տեղի չունեցավ, այլ մեծ հայրենասերների մեծ ջանքերի արդյունքում, և այնուամենայնիվ կառուցումից՝ 1967–ից հետո հնարավորություն տրվեց տարվա մեջ գոնե մեկ օր լռությամբ հիշելու անմեղ զոհերին։

Խնդիրն այն է, որ անկախացումից անցել է արդեն 22 տարի, բայց ցեղասպանության հարցն այդպես էլ չի թևակոխել ցեղասպանագիտության՝ գիտական ուսումնասիրման փուլ։ 1945–ին՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո հրեա ժողովուրդն սկսեց հոլոքոստի ուսումնասիրությունը։ Ստեղծվեցին հոլոքոստի ուսումնասիրման հարյուրավոր գիտական կենտրոններ։ Մենք այս 22 տարվա ընթացքում կարողացել ենք ստեղծել 2 կենտրոն՝ մեկն ԱՄՆ–ում՝ Կլարկի համալսարանում, մյուսը՝ Հայաստանում՝ 1995–ին հիմնադրած Ցեղասպանության թանագարանը, որին թեև հիմնադրումից քիչ անց վերանվանեցին թանագարան-ինստիտուտ, բայց այդպես էլ նա իր գիտական գործունեությամբ չփորձեց վերաճել ինստիտուտի և շարունակում է մնալ՝ որպես թանգարան։

Այս ու նման հարցերի շուրջ զրուցեցի պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Բեռլինի տեխնիկական համալսարանի այցելու գիտաշխատող, ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի անդամ Տիգրան Սարուխանյանի հետ.

-Պարո՛ն Սարուխանյան, հայտնի է, որ խորհրդային իշխանության օրոք անհնար էր լրջորեն բարձրացնել ցեղասպանության հարցը, բայց անկախացումից անցել է արդեն քսան տարուց ավել: Ի՞նչն է պատճառը, որ այժմ էլ ցեղասպանագիտության հարցում տիրում է նույն պասիվությունը, ազդեցության գործակից ունեցող գրախոսվող միջազգային ամսագրերում համարյա չկան գիտական հոդվածներ՝ չնայած որ կառավարության վարած քաղաքականությունը կարծես խոչընդոտ չէ դրանում, այլ՝ ընդհակառակը:

-Բնավ չեմ ուզում հարցն անձնավորել, բայց կարծում եմ կոռեկտ կլինի, եթե այս հարցադրումն ուղղվի համապատասխան ոլորտը համակարգող այն անձանց, որոնք ի պաշտոնե պարտավոր են հաշվետու լինել ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ: ժողովուրդը մի խոսք ունի, այն իր մեջ դարերի եկող իմաստություն է ամփոփում. «Հացը թող հացթուխը թխի, մեկ հաց էլ ավել տուր»:

Այս իմաստով, ինձ համար շատ տարօրինակ հնչեց այն պատասխանը, որ ստացա ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենից` իմ այն հարցին, թե ի՞նչ գիտական հրապարակումներ են նախատեսվում 100-ամյա տարելիցին ընդառաջ: Պատասխանը հակիրճ էր, այն հանգում էր հետևյալին՝ «Զբաղված ենք գլխավորապես թանգարանաշինությամբ»:

Ես անձամբ ցավում եմ, որ 100-ամյա տարելիցը հատկանշական է լինելու՝ թանգարանն ընդլայնելով միայն և տարեկան մեկ կամ երկու միջազգային գիտաժողովներ կազմակերպելով, և դա այն դեպքում, երբ հանդես ենք եկել գիտական մի շարք առաջարկություններով: Կարծում եմ, որ այս հարցում, ճիշտ չէ սիրողական մոտեցման դրսևորումը:

-Մոտենում է ցեղասպանության 100 ամյակը: Ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ, Ձեր իսկ խոսքով ասած, ցեղասպանությունից 90 տարի անց նոր միայն սկսեցինք անդրադառնալ ցեղասպանագիտությանը:

-Պատճառները խորքային են, բազմաթիվ և կարծում եմ` մեկ զրույցի ընթացքում անհնար է անդրադառնալ դրանց բոլորին: Խոսուն է այն փաստը, որ Հայաստանում ցեղապանության ուսումնասիրության գիտական կենտրոնի հիմքերը դրվեցին միայն անկախության տարիներին՝ 1995թ., երբ հիմնադրվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Մենք փորձեցինք դնել ցեղասպանագիտական ազգային դպրոցի հիմքերը բավականին ուշացած՝ Հայոց ցեղասպանությունից միայն 80 տարի անց:

Հայտնի է, որ Ցեղասպանագիտությունը, որպես երիտասարդ գիտություն, առաջացավ և սրընթաց կերպով զարգացում ունեցավ միայն Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ մարդկության պատմության մեջ արձանագրվեց ծավալներով աննախընթաց, տասնյակ միլիոնավոր մարդկանց ողջակիզման և ոչնչացման արհավիրքը՝ հոլոքոստը: Ծագելով մեծ մասամբ 1960-ական թվականներին՝ ցեղասպանագիտությունը արագ կերպով վերելք ապրեց՝ բաժանվելով բազմաճյուղ ոլորտների, տարաբնույթ դպրոցների: Բնական է, որ խորհրդային տարիներին, Հայոց մեծ եղեռնի ուսումնասիրությունը, կաշկանդված լինելով ժողովուրդների բարեկամություն քարոզող Խորհրդային կայսրության կողմից, չէր կարող որևէ առաջընթաց գրանցել:

Այնուամենայնիվ, ցեղապանագիտության ձևավորմանը զուգընթաց, խորհրդահայ իրականության մեջ եղան իսկական ասպետներ, որոնք գաղափարական ճնշումների ենթարկվելով հանդերձ, հանդես եկան Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը գիտական հիմքերի վրա դնելու սխրանքով: Այդ գործում մեծ է քաղաքական արմենիստիկայի հիմնադիր, անվանի հայ պատմաբան Ջոն Կիրակոսյանի ավանդը, որը դեռևս 1965թ. հանդես եկավ Առաջին աշխարհամարտում հայերին վրա հասած ողբերգությունը գիտական հենքի վրա ուսումնասիրող իր անդրանիկ աշխատանքով՝ «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը (1914-1916թթ.)», հետագա տարիներին հրապարակումների թիվը ավելացնելով նորանոր հետազոտություններով:

Այնուամենայնիվ, չնայած բազմաթիվ արժեքավոր աշխատությունների, որոնք հրատարակվեցին հայրենաբնակ գիտնականների կողմից՝ Վարդգես Միքայելյան, Մկրտիչ Ներսիսյան, Ռուբեն Սահակյան և այլոք (հնարավոր չէ նշել բոլոր անուններն ու բոլորի վաստակը), ոլորտն այդպես էլ մնաց մեր հայրենիքի սահմաններում մեկուսացած: Իսկ երիտասարդ կադրերի վերարտադրությունը կատարվեց ոչ պատշաճ և ցանկալի մակարդակով: Իսկ այն կադրերի մեծ մասը, որոնք կայացան 1995 թվականից ի վեր, երբ հիմնադրվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, լքեց ոլորտը մեզ հայտնի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Դրանց մեջ կարծում եմ զգալի դեր խաղաց գիտության ֆինանսավորման պակասը:

Ինչպես ասվեց, աշխատանքներ եղել են ու կան, բայց չունենք կարևոր մի բան՝ այնպիսի աշխատանքներ, որ տպագրված լինեն ազդեցության գործակից ունեցող գրախոսվող միջազգային ամսագրերում, այսինքն՝ չնայած մենք աշխարհից պահանջում ենք ցեղասպանության ճանաչում, բայց, ինչպես նշեց պարոն Սարուխանյանը, ոլորտն այդպես էլ շարունակում ենք թողնել մեր հայրենիքի սահմաններում մեկուսացած։

Մանե Հակոբյան
Մեկնաբանություններ:0Оставить комментарий
Գնահատականը:3,8/5Оставить оценку
Использован шрифт AMG Anahit Semi Serif предоставленный ООО <<Аракс Медиа Групп>>