ՕԳՏՎՈՂԻ ՄՈՒՏՔ
Գրանցում
вернуться к обычному виду

"ԻՐԱՊԱՇՏՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ" - Հ. Արզումանյան, Կ. Աղեկյան

27.12.2012 Կարեն Ագեկյան, Հրաչյա Արզումանյան Статья опубликована в номере №1 (10).
Մեկնաբանություններ:0 Գնահատականը:4,33/5
Անպարտելի է այն ժողովուրդը, որ ղեկավարւում է ոգու ձեռքով: Այնտեղ, ուր կայ ոգու, ասել է՝ բարոյական ոյժերի ապացոյցը` այնտեղ թուական գերազանցութիւնը, քարը, մետաղը, գրեթէ կորցնում են իրենց նշանակութիւնը: Ոգու հետ զինակցողը բարոյական ոյժերի հետ է զինակցում, որի միջոցներն աճում են անհաւատալիութեան աստիճան, դառնում անսպառելի:
Գ. Նժդեհ, «Բաց նամակներ հայ մտաւորականութեան» «Արաքս» թերթ, Սոֆիա, 1926 թ.


Իրերի տրամաբանութիւնը մեզ առաջնորդում է դէպի անկում: Բայց կայ նաեւ ոգու տրամաբանութիւնը, որ ճմլում է իրերի սիրտը, որ փոխում է պատմութեան ընթացքը:
Հայկ Ասատրյան, «Ցեղը միայն կարող է փոխել պատմութեան ընթացքը», «Ցեղ եւ Հայրենիք», Սոֆիա, 1936 թ., թիվ 1
 
Անգամ ուժասպառում պատերազմում հաջողությունը չի կարելի վերածել սոսկ զինված ուժերի չափերից և կորուստներից կանխատեսելի գործառույթին: Հաջողությունը՝ որոշ տեսակի և աստիճանի նյութական ավերածությունների և հակամարտության յուրաքանչյուր մակարդակի վրա, մասնակիցների գիտակցության մեջ առկա հոգեբանական գործընթացների միջև բարդ ապագծային կախվածության արգասիքն է: Պատերազմ մղելու միջոցների և մարդկային կամքի սույն բարդ փոխազդեցությունն առանձնահատուկ կերպով կարևորվում է հակամարտության աշխարհառազմավարական և ռազմաստրատեգիական մակարդակների վրա, սակայն բավարար չափով ակնառու է նաև մարտավարական և գործառնական մակարդակներում:
(Էդվարդ Սմիթ, «Ցանցակենտրոն պատերազմների կիրառումը` խաղաղ ժամանակ, ճգնաժամի և պատերազմի օրոք արդյունքներ ձեռք բերելուն միտված գործողություններում», Վաշինգտոն, ԱՄՆ ՊՆ հրամանատարության և կառավարման վարչության հետազոտական ծրագրի հրատարակությունների մատենաշար, 2003 թ.)

 
Հայկական «իրապաշտության» սկզբնապատճառն ընկած է ժամանակի խորքերում: Երբեմնի ամբողջական Հայոց աշխարհում նախ առաջացել են ճեղքեր, ապա նաև՝ այն մասնատած պատռվածքներ: Հետագա բոլոր խնդիրները, երկպառակությունները, դժբախտությունները և կործանարար աղետները եղել են այն առաջին և գլխավոր աղետի արձագանքն ու պատճենը, որի մասին ժողովրդի պատմական հիշողության մեջ և առավել ևս գրավոր աղբյուրներում գրեթե հետք չի պահպանվել: Այժմ, մեր թվարկության 21-րդ դարում կամ Հայկի Բելի դեմ հաղթանակի օրվանից սկիզբն առնող Հայոց բուն տոմարի 4500 թվականին, որևէ գիտության մասնավոր եղանակներով այլևս անհնար է հասկանալ, երբ և ինչպիսի պարագաներում տեղի է ունեցել հիշյալ աղետը: Վերաիմաստավորելով և միաձուլելով Հայոց գիտության, արվեստի ու դիցաբանության տվյալները, և համեմատելով ստացված արդյունքները այլ հին ժողովուրդների և քաղաքակրթությունների մասին առկա համանման ուսումնասիրությունների հետ՝ փոքր ինչ հնարավոր է դառնում բարձրացնել խորհրդակիր գաղտնիքի քողը Հայոց աշխարհի մեզ համար թերևս ամենախորհրդավոր և գաղտնաշատ իրադարձության վրայից:

Թերևս, այս իսկ աղետի պատճառով, Հայոց նախահայր Տիտանյան Հայկին մենք գտնում ենք ոչ թե Հայոց Լեռնաշխարհում, այլ` Բաբելոնում, որտեղից ինքն և իր Ցեղը հարկադրվում են վերադառնալ Մայր երկիր և այն կրկին յուրացնել: Թերևս, աղետը տեղի է ունեցել այլ ժամանակաշրջանում, երբ Հայոց աշխարհն առաջին անգամ հրաժարվել է իր`որպես Կենտրոնի և Բևեռի ինքնաբավությունից և իրեն ինչ-որ ավելի մեծ իրողության եզրամաս ճանաչել` անխուսափելի դարձնելով իր ինչ-որ ուրիշին ենթարկվելը՝ օտար աշխարհի մասնիկին, ապա նաև ծայրամասին վերածվելը:

Թերևս, աղետի սկիզբը կարելի է կապել Հայոց առասպելական հերոսների և թագավորների ժամանակաշրջանի ավարտին, երբ Հայոց աշխարհի առասպելական ժամանակը մթագնել էր և սկսվել գերակայած պատմական ժամանակի հազարամյակների, հարյուրամյակների և տարիների թվագրությունը: Առասպելական ժամանակն ուղղությունն ու նշան ունեցող առանցք չէ: Այստեղ իրադարձությունները սկիզբն ու վերջ չունեն` Հայկի և Բելի կռիվը հարագո է հավիտենականության մեջ և արտացոլվում է պատմական ժամանակի յուրաքանչյուր ակնթարթում: Պայքարն այժմ էլ է շարունակվում. այն վաղն էլ է շարունակվելու, թեև նրա դրսևորումը կարող է երկարորեն ստվերվել առօրեականության մեջ կամ քողարկվել «նոր ժամանակների» թանձր շղարշի ներքո:

Ժողովրդի հիշողության մեջ առկա խոռոչները լավագույնս մատնանշում են աղետի չափերը: Օրինակ. արդեն Խորենացու ժամանակաշրջանում ժողովրդական պատումները Վան քաղաքի, վերջինիս հռչակավոր բերդի և ջրանցքների համակարգի շինարարությունն ավանդաբար կապում էին ոչ թե իրական կառուցողների` Վանի թագավորության Հայոց արքաների, այլ՝ Ասորեստանի թագուհի Շամիրամի հետ: Այդպիսին է աղետը վերապրել ձգտող կենդանի էակի բնական մղումը, երբ աղետի և վերջինիս ժամանակների մասին բոլոր հիշողությունները նա թաքցնում է ընդհանրական ենթագիտակցականի անդնդախոր վիհերում: Թաքցնում է այնքան ժամանակ, մինչև ի վիճակի չլինի հաղթահարել ցավը և վանել այն իր միջից:

Վաղեմի աղետը դարձել է մեկնարկային զարկ Հայության և Լեռնաշխարհի միջև կապերի շարունակական խզման սկզբնավորմանը: Ժամանակի ընթացքում հայը հետզհետե ավելի ու ավելի իրեն դիտում էր որպես որոշակիորեն ինքնուրույն իրականություն, որը կարող է ունենալ Լեռնաշխարհից անջատ ճակատագիր, կանխորոշում և իմաստ: Տիրոջ կորստյամբ՝ Լեռնաշխարհը դարձել է հարևան ցեղերի, ժողովուրդների և քաղաքակրթությունների միջև վեճերի առարկա: Սկզբում նրանք միայն ուժերն էին չափում, իսկ ապա սկսել են բաժանել Լեռնաշխարհը և այնտեղ դեռևս բնակվող հայերին՝ հաստատուն ձևի վերածելով և խորացնելով Հայոց աշխարհի հոգևոր ճեղքվածքներն ու պատռվածքները:

Արդեն «Սասունցի Դավիթ» ազգային դյուցազնավեպի մեջ որոշ հերոսներ ու իրադարձություններ աներկբայորեն ցուցադրում են «իրապաշտ» հայի ապակառուցողական նախատիպը: Դավթից թաքցնում են իր հոր «առյուծաձև» Մհեր Մեծի փառքը: Նրա հորեղբայրներ Ձենով Օհանն ու Ցռան Վերգոն գտնում են դրա համար առավել քան իրապաշտական հիմնավորումներ: Նախ` Դավիթը դեռ չի հասունացել, որպեսզի հոր մարտական անցյալի տերը դառնա: Ապա, Մսրա Մելիքին հաղթելն անհնար է` չկա անհրաժեշտ ներուժը՝ դիմագրավելու աշխարհակալ գերտերությանը և իր բանակին: Ահա և «նվազագույն չարիքի» է հրաժարվել ազատությունից, համաձայնել օտար կամքին առաջին հայացքից զուտ խորհրդանշական թվացող ենթակայությանը, հաշտվել վասալի կարգավիճակի հետ, որը ծանրաբեռնող չի թվում և անգամ պատվաբեր է ներկայանում: Ավելի նպաստավոր հանգամանքների սպասմամբ`ապագային թողնել ռազմի դաշտում զոհվելու վտանգով հղի մարտական գործը: Եթե մնանք real-politic-ի նեղ շրջանակներում, որին այդքան հաճախ էր հետևում Հայությունը, ապա այսօր էլ սեփական իրավունքները զիջելու գնով տնտեսական և տարածքային զոհաբերությունների հաշվին գոյատևելու ռազմավարությունը ներկայանում է անթերի: Իրականում, այն չի շահում ժամանակը, այլ այն տանուլ է տալիս: Միակողմանի զիջումների, փոխզիջումների մարտավարությունը միշտ ունեցել է ահռելի բարոյալքող ազդեցություն: Հենց այդ մասին Նժդեհը գրում էր. «Եղան դէպքեր, երբ մեր այս կամ այն գաւառը մենակ էր, բայց վճռական մենակի հոգեբանութեան շնորհիւ, յաջող կերպով տարաւ իր ինքնապաշտպանութեան դժուարին պայքարը։ Եւ ընդհակառակը, այն դեպքերում, երբ մեր քաղաքականութիւնը արտաքին ոյժերի վրայ հաշիւներ արեց – մենք պարտւեցինք չարաչար։ Պարտւեցինք, որովհետեւ այսպիսի հաշիւներով ղեկավարւողը զուրկ է վճռական մենակի հոգեբանութիւնից, այսինքն՝ յաղթելու ամեն հաւանականութիւնից»։

Իր իսկ համար աննկատ ժողովուրդը գլորվում էր կատարյալ իրավազրկության գիրկը, այնպես, որ ոչ միայն օտարերկրյա իշխանությունը նրա մեջ սկսում էր տեսնել ապրելու իրավունքի համար վճարել պարտավոր հարկատուին, այլև Լեռնաշխարհը Հայոց աշխարհի ճեղքվածքների միջով անխուսափելիորեն ներթափանցող օտարացեղ զանգվածն արդեն դիտում էր նրա իրավազրկությունը` որպես իր իրավունքների սովորական և անօտարելի բաղադրիչ:

…Ճշմարտությունը Դավթին հայտնում են ոչ թե խնամակալ ազգականները և իր հոր հաջորդները, այլև ննջեցյալ Մհեր Ավագի հին սիրուհին` Սասնոյ պառավը: Դյուցազնավեպում նա սեփական անուն չունի, Դավիթը նրան դիմում է «Նանե», ինչպես միշտ ընդունված էր դիմել տարեց կնոջը Հայաստանում: Այս բառը, մի շարք ուսումնասիրողների կարծիքով, ծագում է Հայոց աշխարհի Աթենաս՝ քաջամարտիկ Նանե դիցուհու անունից (շումերական Նանայա կամ Նանա), որի պաշտամունքը դեռևս պահպանվում էր թե՛ Սասանյան Իրանում, և թե՛ հին աշխարհի բազում այլ վայրերում:

«Ասաց. Քո հեր նետ ու աղեղ ուներ։/ Էդ նետ-աղեղ, ասա, թող տան՝ էնով գնա», - ասում է նա՝ առաջին անգամ բարկանալով Դավթի աննպատակ կտրճության վրա: «Դուն որ էդպես տղամարդ ես՝/ Հորի՞ չես էրթա Ծովասար։/ Թե կտրիճ ես՝ գնա, քո հոր որսատե՛ղ առ։/ Քո հոր սեյրանատեղ Ծովասա՛րն է», - կրկնում է պառավը:

Դյուցազնավեպը գունագեղորեն նկարագրում է, թե ինչ սարսափ է պատել Ձենով Օհանին և Ցռան Վերգոյին, երբ նրանք հասկացան, որ պատանուն հայտնի է նախնիների մարտական փառքը: «Հրողբեր ասաց. - Ո՛րդի, քեզ խաբե՛լ են./ Քո հոր սեյրանատեղ չըկա՛./ Քեզ խաբել են, քեզ սո՛ւտ կ’ասեն։/ - Չէ, հրողբեր, ես գիտե՛մ, կա՛./ Ես կ’էրթամ, չե՛մ կայնի։ Սուտ մի՛ ասա։/ Հրողբեր ասաց.- Սովորեցնողիդ բերան կոտրի։/ Ա՛յ որդի, ինչ քո հեր մեռավ՝/ Մըսրա Մելիքն էն սար խլեց./ Չե՛նք իշխենա էրթանք»:

Հետո արդեն նույն այդ լեռան վրա գիշերելու ժամանակ, Օհանը վախենում է, որ Դավիթը կտեսնի իր հոր գերեզմանից ճառագող լույսը Մսրա Մելիքի կործանած Մարութա Բարձրյալ Կույսի սրբավայրի տեղում: Այս է երկյուղը՝ երկրի փրկության «ոչ իրապաշտական» և վտանգներով լի մարտական ուղու մասին հայտնություն շնորհող անցյալի առջև.

«Ինչպե՞ս անեմ,/ Որ դադարի Դավիթ։/ Բերեմ, էնոր փեշ դնեմ տակ իմ գլխին,/ Որ գիշերով Դավիթ ինձ չը թողնի՝ չ’էլնի՝ էրթա»:

Երբ Կոզբադինը զորքով գալիս է յոթամյա հարկը պահանջելու, Օհանը Դավթին լեռներ որսի է ուղարկում, որպեսզի նրա բացակայույթամբ ամեն ինչ տա թշնամիներին` կանանց, անմեղ օրիորդներին, ոսկին, նախիրները: Երբ Մսրա Մելիքը արշավում է Սասունի վրա, արդեն Ցռան Վերգոն է կեղծիք հորինում.

«Հովան, մեր ձեռքեն չի՛ գա, որ կռվենք,/ Բերենք Դավթին, նստենք, քե՛ֆ մի անենք,/ Խաբենք Դավթին, խմեցուցենք,/ Էլնենք, տանենք կընիկ, աղջիկ,/ Ոսկի-արծաթ տանք Մելիքին,/ Անցնենք էնոր թրի տակով,/ Բալքի Մելիք խղճա մեզի»:

Մեր պատմության մեջ մեկ անգամ չէ, որ հանդիպում ենք նման շարժառիթների: Հնամենի Հայոց աշխարհի մասնատմամբ (Մհեր Ավագի մահվամբ)՝ Լեռնաշխարհի վրա իշխանությունը խլվում է Հայությունից այնքան ժամանակ, որքան նոր աշխարհը դեռ թույլ է և անհաս՝ («Մհերը գերեզմանում է, իսկ Դավիթն՝ օրորոցում»): Վերադարձի օրվա` Դավթի օրվա առջև երկյուղով պատված «իրապաշտները» փորձում են հետաձգել բախտորոշ ճակատամարտը: Հնարքներից մեկը վախը խեղդելն է` ժամանակը անվերջանալի խնջույքներում երկարաձգելով: Խնջույքներ՝ ոչ թե ուժերի լիությունից և ուրախության առատությունից, այլ հուսահատությունից, տկարությունից և անշրջելի ապագայից ինքնամոռացության գրկում թաքնվելու նանիր ցանկությունից:

Վճռորոշ ճակատամարտից առաջ հորեղբայրները Դավթից նրան հաղթանակ պարգևելու ընդունակ զենքերն են թաքցնում և առաջարկում սովորական ձիեր և բութ ու ժանգոտած սրեր: Պառավը երրորդ անգամ Դավթին ճշմարտությունն է հայտնում. նա իմանում է հայրական զրահազգեստի, ինչպես նաև «Թուր Կեծակի» և «Քուռկիկ Ջալալի» ձիու գոյության մասին: Եվ այստեղ «իրապաշտ» Օհանը հարկադրված է խոստովանել.

«Էն տարին, ինչ Մհեր մեռավ —/ Շեմքի տակ էնոր զգեստեր խորեցի… Քո հոր զենք-զրահ, կո՛, էն ներքնատան։/ Քառսուն աստիճան սանդուղք ցած իջնես,/ Նո՛ր քո հոր զենքեր էն տեղեն հանես… Էն օրից, ինչ քո հեր մեռավ, մինչև էսօր,/ Ես քո հոր ձին փակեր էի մեծ գոմ,/ Դուռն էլ շարե. հերթիկեն խոտ ու ջուր կը տայի»։


«Իրապաշտությունը» թե՛ հոգևոր, և թե՛ բնական հենարանի կորստյան գործընթացի՝ ժողովրդի մանրատրոհման (ատոմիզացիայի) հետևանքներից է: Իհարկե, «իրապաշտությունը» բացառապես հայերին գոյացապես հատուկ արատ չէ: Հայկական միջավայրում այն զարգացել և ծաղկել էր մի յուրօրինակ հետադարձ կապի պատճառով՝ Հայաստանի թուլացումն ու կախվածությունը թելադրում էին «իրապաշտություն», իսկ «իրապաշտությունն», իր հերթին, պայմանավորում էր հետագա անընդմեջ խորացող թուլացումը և մշտապես աճող կախվածությունը: Սա վերաբերվում է «իրապաշտության» բոլոր տեսակներին` «իրապաշտությանն ինքն իր համար» և «այլոց առաջ», կենցաղային և քաղաքական «իրապաշտությանը»:

Կենցաղային «իրապաշտությունը» արտահայտվել և արտահայտվում է ոչ այդքան անհատապաշտության (ինդիվիդուալիզմի), որքան փոխօգնության և պատասխանատվության
զգացմունքի սահմանափակվածության մեջ, որը դուրս չի գալիս ընտանիքի, գերդաստանի, գյուղի կամ լավագույն դեպքում գավառի շրջանակներից: Դասական կենցաղավարության քայքայման պարագային ներքին «իրապաշտությունը»՝ «իրապաշտություն ինքն իր համար», հանգեցնում է կյանքի հոգևոր բաղադրիչի թերագնահատմանը և նրա բոլոր մանր նյութական հանգամանքների գերագնահատմանը: Հայության սփյուռքայնության (диаспоричность) պարագային «իրապաշտությունն այլոց առաջ» նախ արտահայտվում է թվացյալ առարկայականությամբ (օբյեկտիվությամբ), երբ հայը ոչ հայկական միջավայրին հաճոյանալու և այնտեղ բարգավաճելու ցանկությունից դրդված պատրաստ է ընդունել և մեծարել մեծամասնության գաղափարական արժեքները՝ պատճառաբանելով այսօրինակ կեցվածքը ոչ թե նմանակվելու ցանկությամբ, այլ իրերի վրա «առարկայական» (օբյեկտիվ) հայացքով: Այստեղ կարելի է հիշատակել ոմանց եռանդուն ցանկությունը՝ «անաչառ» գիտնականի քողի ներքո միջազգային գիտական շրջանակներում սեփական հեղինակությունը հաստատելու: Բոլորովին պատահական չէ, որ ԺԹ (19-րդ) և Ի-ի (20-րդ) դդ. հենց հայկական ծագում ունեցող գիտնականները` Վիեննայի Մխիթարյան Միաբանության անդամ Գարագաշյանը, Ադոնցը, Խալաթյանցը, Մանանդյանը և այլոք լծվել են թե՛ Մովսես Խորենացու, Եղիշեի և Փավստոս Բյուզանդի «Հայոց Պատմությունների» արժանահավատությունը ժխտելու, և թե՛ այդ անգին սկզբնաղբյուրների հեղինակներին հեղինակազրկելու գործին: Մյուսները` Հացունի, Կոգյանը և այլոք, մերժում էին Հայոց Լեռնաշխարհում առաքելական քարոզչության պատմական իսկությունը: Պատահական չէ նաև, որ մեր օրերում Ռոնալդ Սյունին, Նինա Գարսոյանը և նրանց շարքին պատկանող այլ գիտնականներ «Արևմտյան Հայաստան» անվանումը փոխարինում են «Արևելյան Անատոլիա» արհեստածին եզրույթով և այլն:

Քաղաքական «իրապաշտությունը» Հայության ներուժի նկատմամբ տածած անհավատությունն է: Ասատրյանը խստիվ քննադատում էր տեղի ունեցած փաստերի հետին թվով արդարացումը, օրինակ, հղումները՝ սփյուռքը ծնած «իրական պայմանները»: 1938 թ. նա գրում էր. «Այդ «սփիւռք»-ը հետեւանք է ոգու, նպատակի, ծրագրային աշխատանքի բացակայութեան»: Այնուամենայնիվ, վաղուց ի վեր, ավանդական դարձած տարօրինակ տրամաբանությամբ, այսօր էլ մենք պարծենում ենք հայերի ներկայությամբ աշխարհի բոլոր մասերում:

Լև Տոլստոյը գրում էր. «Զարմանալի բան է, թե որքան ամբողջական է լինում այն պատրանքը, թե գեղեցկությունը բարիք է»: Վերաշարադրելով նրա խոսքերը՝ կարելի է ասել. «Զարմանալի չէ այն պատրանքը, որ ուժը հիմնված է ճշմարտության վրա»: Եզակի Հայոց հայրենասերներն ախտահարված չէին սույն պատրանքով կամ ակնածությամբ չէին համակվում իրենց ժամանակակից հզոր և անպարտելի թվացող աշխարհակալ որևէ ուժի և նրա գաղափարախոսության նկատմամբ: Միայն վերջին հարյուրամյակի ընթացքում կարելի է հիշատակել կոմունիզմը, սոցիալիզմը, նացիոնալ-սոցիալիզմը, ժողովրդավարությունը, եվրոպական և կայսերապետական գաղափարները և այլն: Դա խորթ և օտար ուժը գործածելու սթափ ձգտում չէր, այլ նրա նկատմաբ միամտության աստիճանի անկեղծ հավատ: Անգամ նա, ով մնում է հայրենասեր, Հայոց հայրենասիրության գաղափարը պատկերացնում է որպես մասնավոր երևույթ, որպես Հայաստանի վրա գերիշխող գաղափարախոսության առաջաձգություն (պրոեկցիա): Արդյունքում, «իրապաշտ» հայրենասերներն ընկնում են հզոր մեխանիզմների անիվների և ժանանիվների տակ, որոնք աստիճանաբար ամլացնում են հայկական էությունը՝ ներքաշելով նրանց օտար գլոբալ խնդիրները լուծելու գործունեության մեջ:

Ճշմարիտ քաղաքական իրապաշտությունը գիտակցում է, որ անանց գաղափարների և մշտնջենավոր արժեքների աշխարհում «համակեցությունն» անհնար է: Անհնար է միաժամանակ երկու աստվածներ պաշտել: Երբ ճանաչվում է որոշակի գլոբալ ոչ հայկական արժեք՝ հայկականն ինքնաբերաբար տուժում է, և իր «նեղ» լինելու հաշվին մղվում երկրորդ պլան՝ անդառնալիորեն փոփոխելով ներքին հոգեբանական ուղղորդվածությունը: Ճշմարիտ իրական քաղաքականությունը գիտի այդ մասին և այն հաշվի է առնում: Այն անգամ սրբագրում և իրեն է ստորադասում ցանկացած հումանիտար գիտության ընկալումների համակարգը: Այդ իսկ պատճառով հիրավի անգնահատելի է հայկական ընկալումների համակարգն ու եզրութաբանությունը մշակած Մեսրոպ Մաշտոցի, Կորյունի, Եզնիկ Կողբացու, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, Ղազար Փարպեցու վաստակը, այդ թվում նաև՝ հելլենիստական ժամանակաշրջանի և հունական աշխարհի ժառանգությունը յուրացնելու միջոցով: Նրանց շնորհիվ Հայոց պատմությունը, որի ժամանակային խորության մեջ Խորենացին ներթափանցեց ընդհուպ մինչև Հայոց թվականության առասպելական սկիզբը, ժողովրդի համար ձեռք է բերել սրբազան կարգավիճակ:

Հայեցակարգային մակարդակի վրա կեղծ «իրապաշտության» ակնառու օրինակը հանդիսանում է «Բյուզանդական ժառանգություն» ամսագրում վերջերս լույս տեսած «Մենք կայսերապետական ազգ ենք» հոդվածում «կայսերապետականության» (имперскость) և «մեծպետականության» (державность) մեծարանքը՝ դրանց Հայոց պատմության մեջ ունեցած իբր դրական դերի կապակցությամբ:

«Մենք կայսերապետական ժողովուրդ ենք, քանի որ ներկա ենք եղել միջերկրական «նալի» բոլոր կայսրություններում՝ Քրիստոսի ծնունդից թե՛ առաջ և թե՛ հետո: Ահա և այդ
կայսրությունների ընդհանրացված թվարկումը. Ասուրա-Բաբելական, Աքեմենյան Պարսից, Հելլենա- Հռոմեա-Բյուզանդական, Թուրք-Օսմանյան, Ռուս-Խորհրդային: Մենք ոչ միայն ներկա ենք եղել այդ կայսրություններում, այլև Տիգրան Մեծի օրոք կայսրություն լինելու ճակատագրին էլ ենք արժանացել: Մենք անմիջական մասնակցություն ենք ունեցել այդ կայսրությունների ստեղծմանը և կառավարմանը… Մեր պատմության կենդանի հյուսվածքից կայսերապետական բաղադրիչն օտարելու փորձը՝ վերջինիս օտարածին լինելու կանխավարկածից ելնելով՝ անհեթեթ և հակարդյունավետ ձեռնարկն է: Այն ոչ միայն զրկում է մեր պատմությունը առարկայականությունից և արժանահավատությունից, այլև՝ վերածում այն միմյանց փոխարինող կայսրությունների «մեղքով» արձանագրված կորուստների և անհաջողությունների մռայլ շարանի: Այս ամենը տեղի է ունեցել կողմնակալ մատենագիրների պատմական իրադարձությունների կանխակալ մեկնաբանության արդյունքում`իշխանավորների ընթացիկ և հատվածական շահերի օգտին և Սուրբ Գրքի դավանաբանական դրույթները շահարկող կղերականների կամայականությամբ: Մեր բոլոր ձախողություններն ու դժբախտությունները վերագրվում էին կայսերական չարակամությանը, իսկ հաջողությունները ձեռք բերվում ի հեճուկս նախանձաշատ հարևանների մեքենայությունների»:

Մեկ հարվածով հարգարժան հեղինակը ժխտում է Հայոց պատմագիրների, Եկեղեցու գործիչների վկայությունները, անգամ երբ նրանցից շատերը գրում էին որպես իրադարձությունների ականատեսներ, ուրիշներն էլ հնարավորություն ունեին տեսնելու ոչ վաղ անցյալի հետևանքները: Թվում է, թե հեղինակը, որն ի տարբերություն մեր մեծանուն պատմագիրների, ազատ է ցանկացած կանխակալությունից, այժմյա բարձրությունից ավելի լավ է տեսնում, թե ինչ էր իրականում կատարվում հազար կամ մեկուկես հազար տարի առաջ: Թեև, եթե Հայոց պատմագիրները նրա վստահությունը չեն վայելում, կարելի է դիմել կայսերական պատմագիրներին` պարսկական, բյուզանդական, արաբական և այլ աղբյուրներին: Պատմական փաստերին ծանոթ անձանց դատին բոլորովին անհիմն է ներկայանում Հայության «կայսրությունների ստեղծմանը և կառավարմանը անմիջականորեն մասնակցելու» վերաբերյալ պնդումը: Արդյո՞ք ակնհայտ չէ, որ չի կարելի շփոթել «կարիերա» արած հայկական ծագում ունեցող «առանձին ընկերներին» հայ ժողովրդի կամ անգամ նրա վերնախավի հետ: Չէ, որ ոչ ոք լրջորեն չի խոսում այն մասին, որ Իռլանդիան և իռլանդացիները մասնակցել են ԱՄՆ կառավարելուն այն հիմնավորմամբ, որ Քեննեդին ուներ իռլանդական ծագում: Այո, կային հայկական ծագում ունեցող բյուզանդական կայսեր: Մասնավորապես, նրանցից մեկը՝ Մորիկ անունով, Պարսից արքային գրում էր տառացիորեն հետևյալը. «[Հայք] ազգ մի խոտոր և անհնազանդ են, կան ի միջի մերում և պղտորեն: Բայց ե՛կ ես զիմս ժողովեմ և ի Թրակէ գումարեմ. և դու զքոյդ ժողովէ՛ և հրամայէ՛ յԱրևելս տանել… Եւ մեք կեցցուք խաղաղութեամբ: Զի եթէ դոքա յերկրի իւրեանց լինիցին՝ մեզ հանգչել ոչ լինի»: Թարգմ. «Հայերը մի խոտոր և անհնազանդ ազգ են և մեր մեջ են գտնվում և պղտորում: Ե՛կ, ուրեմն, ես իմ [մասի հայերին] հավաքեմ և կենտրոնացնեմ Թրակիայում, իսկ դու քո [մասի հայերին] հավաքիր և հրամայիր տանել Արևելք: Եվ մենք խաղաղությամբ կապրենք: Քանի որ եթե նրանք իրենց երկրում լինեն՝ մենք հանգիստ չենք ապրի»:

Այո, կար Անաստաս Միկոյանը, որը հասել է ընդհուպ մինչև ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության նախագահի պաշտոնը: Վերջերս, պրոֆ. Յուրի Բարսեղովը դիվաններից մեկում հայտնաբերել է փաստաթղթեր, որոնց համաձայն Միկոյանն ջանադրաբար փորձում էր Լենինի մոտ ընդունելություն ունենալ՝ հանդես գալով «Տաճկահայաստանի ինքնորոշման» հռչակագրի դեմ, որն, իր կարծիքով, անարդար էր 1917 թ. վերջում այնտեղ բնակվող և մեծամասնություն կազմող ոչ հայ աշխատավորների նկատմամբ:

Այս երկու մասնավոր դեպքերը լավագույնս բացահայտում են «տերությունների և կայսրությունների ստեղծմանը և կառավարմանը մասնակից» «հայկական ծագում ունեցող անձանց» գործողությունների օրինաչափ պատկերը:

Ահավասիկ ևս մեկ զարմանալի դատողություն հոդվածից. «Մենք երբեք չենք գտնվել որևէ կայսրության լուսանցքում»: Գեղեցիկ է հնչում, սակայն Հայաստանը բոլորովին էլ չէր գտնվում թվարկված կայսրությունների կենտրոնում, այլ՝ հենց վերջիններիս հետնամասում: Բավական է հիշել կայսրության անվանումը, նրա մայրաքաղաքի գտնվելու վայրը, նրա պետական լեզուն, պաշտոնական մշակույթը, հավատը (հավատո դավանությունը) կամ գաղափարախոսությունը: Այն ամենը, ինչին մենք հասել ենք այդ ոչ շատ նպաստավոր դիրքում, ձեռք է բերված ոչ թե «կայսերական բազմազգ հանրակացարանում համատեղ արարման» հովվերգական գործընթացում, այլ վաստակված է կայսերական համաձուլման և խտրականության, ահաբեկման և խրախուսման մեխանիզմզների դեմ վարած բացահայտ կամ ծպտյալ դիմադրության շնորհիվ:

Հոդվածի հեղինակը պնդում է, որ «Կայսրություն» և «Քաղաքակրթություն» հասկացությունները որոշ իմաստով հոմանիշ են: Նա այնքան դրական պահեր է տեսնում կայսրությունների և տերությունների կազմում գտնվելու մեջ, որ թվում է հայերը վաղուց պետք է դառնային երկրի ամենամեծ և բարգավաճ ազգը, քանի որ մեզանից ոչ ոք ամենատարբեր կայսրությունների կազմում այդչափ երկար չի գտնվել: Սակայն ուշագրավ վերնագրով սույն հոդվածում հայերին այդքան էլ շատ տեղ չի հատկացվել: Դրա փոխարեն մանրամասնորեն և ճաշակով նկարագրված են «աշխարհների միջև» գլոբալ պատերազի պատկերները, որի մեջ «հայ-իրապաշտները», իհարկե, մնացածից ավելի շատ բան են հասկանում: «Երրորդ Հռոմի վերականգնման գաղափարի քայքայմանը և բյուզանդական ժառանգության նկատմամբ արևելաքրիստոնեական աշխարհի հավակնությունների վիճարկմանն են ուղղված անգլո-սաքսոնական իմպերիալիզմի դավերը բոլոր ժամանակներում՝ սկսած Կոստանդնուպոլսի անկումից մինչև հետխորհրդային տարածության որովայնամասում ՎՈՒԱՄ-ի (ներեցեք) ստեղծումը» և այլն:

Հեղինակի մտադրությունները, հավանաբար, լավագույնն էին, սակայն ստացվել է քիչ ավելի լավ, քան մյուս «իրապաշտների» մոտ: Կկամենայինք խնդրել նրանց բոլորին. մի՛ նետեք ձեր մանր ցախը համաշխարհային թշնամության անթեղակեզ կրակի մեջ` միամիտ հույսով այդ կրակի վրա ձվածեղ սարքելու և դրանով մեր ժողովուրդը կերակրելու: Հայոց աշխարհը երբեք չի ձգտել հրահրել քաղաքակրթությունների ճակատային ընդհարումը սեփական բարիքի համար: Դա իր ոգուն խորթ է: Նրա դերը` ընկերոջ, գործընկերոջ, ինքնաբավ ամբողջականության, Արևմուտքի և Արևելքի, Հյուսիսի և Հարավի փոխըմբռնմանը և փոխներգործությանն աջակցելու մեջ է:

Պետք չէ ոչ ոքին խելք սովորեցնել: Թույլ տվեք մեծ և բազմաչարչար ռուս ժողովրդին, որը միշտ էլ կարող է ինքնուրույնաբար կերտել սեփական ճակատագիրը, հնարավորություն՝ գործելու առանց ձեր «արժեքավոր» խորհուրդների: Հատկապես այն խորհուրդների, թե ինչ տեսակ պետություն նա պետք է կառուցի և թե ինչպես պիտի վարվի իր բնական հարստությունների հետ. «ԽՈՂՈՎԱԿԸ՝ որպես Համագործակցության (նյութական, տեղեկատվական, մշակութային, գիտական, կրթական և այլն) կենսագործունեության բոլոր ոլորտների փոխներգործության հաղորդակցային ցանցի ընդհանրացված պատկերը, պետք է կառավարվի առևտրավաճառականի նկատմամբ գաղափարա-քաղաքական բաղադրիչի աներկբա գերակայությամբ և պետք է օժտված լինի Համագործակցության անդամների համահավասար ժողովականության ուժով»: Երևի նման խորհուրդներ տալու մեջ է կայանում ներկա փուլում մեր մասնակցությունը «կայսրությունները ստեղծելու և կառավարելու» գործում: Եվ, իրոք, ինչ կարիք կա, որ «իրապաշտներն» աղյուս առ աղյուս կառուցեն բարգավաճ Հայաստանը, երբ մասշտաբն այն չէ և չափերը չեն ներշնչում: Իսկ Ռուսաստանն առանց իրենց «արժեքավոր» խորհուրդների, պարզապես չի ապրի…

Շարքային մարդու համար «իրապաշտությունը», Ասատրյանի դիպուկ նկատողության համաձայն, նշանակում է ժամանակի միասնական հյուսվածքի խզում և նրանից այժմյա օրվա պատառիկի առանձնացում: Այստեղից է հայերի ավանդական ու հիվանդագին ինքնահեգնանքը, երբ իրեն ժամանակակից հայկական իրականությամբ ոգեշնչվելու անընդունակ հայն իր մեջ հոգևոր ուժ չի գտնում՝ ներկա իրավիճակից վերանալու և այն պատմական հեռանկարի տեսանկյունից գնահատելու համար:

Վերցնենք, օրինակ, իր ժամանակին հայտնի անեկդոտը երևանյան օդանավակայանում փակցված «Վերջին մեկնողը թող լույսն անջատի…» հայտարարության մասին: Բացարձակ նյութապաշտության և հոգևոր ներուժի նկատմամբ հոռետեսական վերաբերմունքի պատճառով մարդը չի տեսնում, թե ինչպես կարելի է ներազդել «իրադարձությունների և իրերի տրամաբանության» վրա, իսկ իր նյարդայնությունը դրսևորվում է թունավոր կամ թախծոտ ինքնահեգնանքի մեջ: Գիտակցելով իր անկարողությունը՝ նա ամաչում է անգամ բարոյական գնահատական տալ՝ խոսքերով դատապարտել տեղի ունեցողը: Զգալով իրեն «քամուց տարուբերվող եղեգն»` նա դադարում է համարել իրեն այն եղեգնը, որից Վահագն է ծնվում և իր նմանների հետ վերածվում է ափամերձ այն եղեգնի, որի մեջ Դավիթն իր մահն է գտնում:

(Ինքնահեգնանքը տարբեր է լինում: Որոշ ժողովուրդներին բնորոշ է ծիծաղել և կատակել ներկա օրվա վրա՝ բացարձակ հավատ տածելով վաղվա օրվա փառքին: Եվ կարևոր չէ, թե երբ է գալու այդ վաղը` հաջորդ օ՞րը, թե՞ մի քանի հազարամյակ հետո: Նման ինքնահեգնանքը սակավ դեպքերում նկատվում է նաև հայերի մոտ:)

Շարքային հայի համար «իրապաշտությունը» նշանակում է նաև բացարձակ ներքին ազատություն`բնակավայր ընտրելու, սոցիալական ձևափոխությունների և փոխակերպումների, ցանկացած իշխանությանը հպատակ լինելու հարցում: Սակայն նման ազատությունը տխուր է, քանի որ մարդուն հատուկ է ամեն ինչի մեջ և նախ` իր իսկ կյանքում, իմաստ որոնելը: «Իրապաշտը» նույնպես իր կյանքի համար գոնե ինչ-որ ինքնարդարացում է որոնում: Երբեմն, նա կառչում է իրեն ժամանակակից Հայաստանի հետ առնչվող որևէ բացասական երևույթից կամ հայրենակցից, երբեմն էլ արդարանում է ընտանիքի մասին հոգ տանելու կամ ինչ-ինչ ավելի բարձր համամարդկային արժեքներին ծառայելու պնդմամբ:

Ինչո՞ւ հայկական միջավայրն արգասաբեր է դառնում այդ տեսակ «իրապաշտության» համար: Որպես պատասխան կարող է ծառայել այլ հարցը. Արդյո՞ք մեզ համար գոյություն ունի հստակ և ընկալելի կերպով ձևակերպված հայկականի, եթե կամենաք` հայեղենի անանցանելի արժեքը: Ինչի՞ մեջ է այն կայանում: Ժողովուրդների մի մասը գերակա է համարում կայսերապետականությունը, մյուսները` ժողովրդավարության համընդհանուր տարածման առաքելությունը, երրորդները` Աստուծո կողմից իրենց ընտրված լինելն ու Նրա հետ կնքված ուխտը: Իսկ մե՞նք: Չարչարանքների շարունակականությո՞ւնը: Աշխարհի յուրաքանչյուր անկյունում մեր ներկայությո՞ւնը: Հայկական արյան տոկո՞սը հայտնի և ժողովրդականություն վայելող անձանց մեջ: Տիգրան Մեծի տերության քսա՞ն տարին: Եթե սա է ամբողջը, ապա թշվառ «իրապաշտությունն» արդարացված է: Մեզանից յուրաքանչյուրը բնազդաբար զգում է այլ՝ ավելի բարձր հայկական արժեքների գոյությունը: Որպեսզի վերջնականապես բուժվենք «իրապաշտությունից», այդ արժեքները պետք է վերստին ի լույս բերվեն ժամանակի օվկիանոսի միջից և բարձրացվեն ժողովրդի ընդհանրական ենթագիտակցականի խորքերից: Այս արժեքների մեջ առաջինն ու գլխավորը՝ Հայոց Լեռնաշխարհն է:

Ահեղ ուժն ու դյուցազնական զորությունը Դավթին շնորհում է լեռնագագաթի կաթնաղբյուրը: Բնութագրական է, որ այդ աղբյուրի մասին մարդկանց մոտ հիշողություն չի պահպանվել: Դա ընդգծված է ճանապարհը սքողող մառախուղի այլաբանությամբ: Միայն ձին հուշում է Դավթին, թե ինչ պետք է անել. «Քշեց, գնաց մեջ հոր Ծովասարին./ Դավիթ որ Սասունեն էլավ՝/ Էնպես մշո՛ւշ մի, դումա՛ն մի դրեց,/ Որ Դավթի աչք ըսկի ճամփեն չէ՛ր ջոկի։/ Ամա Քուռկիկ աղավնիկի՛ նման թռավ։/ Դավիթ ասաց. Ջա՛նըմ, էդ է՛լ աստծու բան է։/ Կայնեմ, թողնեմ Քուռկիկ Ջալալու կամքին,/ Ուր որ էրթա՛, թող էրթա՛։/ Քուռկիկ Ջալալի՛ն էր, գընա՜ց, գընա՜ց,/ Էն յո՛թ օրվա ճամփան մի սհաթվան անցավ։/ Էլավ բարձրիկ սարի գլուխ./ Որ էլավ էդ սարի գլուխ, կանգնեց./ Կանգնեց վեր էն Կաթնաղբրին։/ Մըժ բացվավ, դուման բացվավ./ Քուռկիկ չոքեր էզար գետին, մնաց./ Դավիթ գիտցավ, թե ձին դադրավ, ասաց./ Հեյ-վա՜խ, Քուռկիկ Ջալալին,/ Քո վի՛զ կոտրի,/ Ես կ’ասեի՝ դու ինձ արնի գետե՛ր տ’անցուցես,/ Էս պո՛ւտ մի ջուր է ինձ չե՞ս կարնա անցուցես։/ Էսա տեղ որ էսպե՛ս կ’անես՝/ Բա մեջ կռվին ի՞նչպես տ’անես./ Ի՞նչպես տ’էրթամ Մըսրա Մելիքի դեմ կռիվ։/ Ասաց, զանգուն էզա՛ր,/ Ձիու կողաշար կոտրեց։/ Ձին ըռկավ, ասաց./ Կարնամ զքեզ զարնեմ արեգական էրես/ Համա քո հոր խաթրին չե՛մ իտա։/ Դավիթ ըռկավ, քաշեց իր թուր,/ Ու Քուռկիկի վիզ տի կտրեր./ Թուր մինչև կես քաշեց՝/ Էն դեհեն քամի՛ մի զարկեց էնոր ճակատ./ Դավիթ ուշքի եկավ - լսեց ձիու ձեն։/ Ձին ասաց./ Էսի քո հոր Կաթնաղբուրն է./ Իջի՛ տակ, ջո՛ւր խմի։/ Իջի պո՛ւտ մ’էլ ջրից տուր իմ կողաշարին։/ Դավիթ իջավ, ձիու գլուխ պագեց,/ Պուտ մի ջուր էտու ձիու կողաշարք։/ Դավիթ ձին էթող խոտերի մեջ արածա,/ Ինքն էլ աղբուրեն ջուր խմեց,/ Պառկեց, քնեց, հանգստացավ։/ Ձին էլ կանգնեց արևու դեմ՝/ Հով արեց վերան։/ Քնից ակահավ, ի՞նչ տեսավ, - հզորացե,/ Իր հոր հագուստ հազիվ կը գա վերան…»:

Մեջբերված հատվածում գործում են բնության երեք տարրերը` հողմը (օդ), որը փչեց Դավթի վրա, ջուրը, որը նա խմեց, և հողը, որի վրա նա ննջեց: Ավելի վաղ, իր հոր գերեզմանի մոտ, Դավիթը հաղորդակցվում է անշեջ կրակի տարերքի հետ. «Դավիթ իրիշկեց էն կրակ, էլավ գնաց վեր։/ Գնաց, տեսավ կո, գերեզմա՛ն մի կա էնտեղ/ Կանաչ- կարմիր բոցն էդ գերեզմանե՛ն կէլնի։/ Լուս կամար գերեզմանի վերկանգնե։/ Դավիթ գնաց մոտ, ձեռ էտու բոցին—ձեռ չ’էրեց/ Հո՛ղ թալեց վերան—չը հանգավ»։ Ուշագրավ են հետագա տողերը. «Նոր մեջ իր խելքին մտածեց./ «Է՛ն, ինչ Մարութա բարձր Աստվածածին կ’ասեն՝/ Սա է»:

Պատումը նկատի ունի Ծովասարի գագաթին խոյացած Մարութա Սբ. Աստվածածնի վանքը: Այստեղ՝ Հայոց Լեռնաշխարհի սրբազան կետերից մեկում հպվում և միախառնվում են Վերին և երկրավոր` երևակված Հայաստանը: Այստեղ միաձուլված է Հայոց աշխարհի հին և դյուցազնավեպին ժամանակակից հավատը` նախնիների, անշեջ կրակի ու լույսի պաշտամունքը և Քրիստոնեությունը, որի անխզելի միասնությունը խորհրդանշվում է հոր գերեզմանով, նրա վրա բոցավառ անշեջ կրակով, կործանված և Դավթի վերականգնած Ս. Աստվածածնի տաճարով: Այստեղ մեկնարկում է Հայոց պատմության հերթական հերոսական փուլը: Բոլոր չորս տարերքները` կրակը, հողմը, ջուրը և հողը Լեռնաշխարհի բարձունքներին՝ Սասնո Ծովասար լեռան վրա, մասնակցում են նոր հերոսի սկզբնավորմանը` օժտելով նրան զորությամբ և երկնառաք օրհնանքով:

«Րաֆֆին դառնութեամբ նկատում է, որ մեր ճակատագիրը այլ կը լինէր, եթէ վանքերի փոխարէն հայերը բերդեր շինած լինէին:

Իրականում հայերը վանքերի հետ կառուցել են ե՛ւ բերդեր - ստեղծել են բերդային մի սիստեմ: Եղել են հայեր, որոնք հայրենիքի պաշտպանութիւնը համարել են կրօնական պարտականութիւն, հանդերձեալում աստւածային գթութիւն հայցելու միջոց: …

Բայց ինչո՞ւ զուր անցան սերունդների յուզումները, խռովքը, նուիրումը: Ինչո՞ւ հայոց հերոսականը չկնքուեց յաղթանակով: Արդեօ՛ք միայն նրա՞ համար, որ հայերն աւելի վանագործ եղան, քան բերդաշէն:

Այդ չէ բուն պատճառը, այլ` աւելի խոր մի երեւոյթ:

Հայերը վատ կերպով միայն կարողացան յարմարուել իրենց հայրենիքին: Նկատելի է, որ հայոց բերդերի եւ վանքերի հետքերը մեծ մասամբ գտնւում են մինչեւ 2000 մետր բարձրութեան սահմաններում: Հայերը չեն հասկացել իրենց լեռների խորհուրդը եւ խուսափել են բնակութեան կայաններ հաստատել նրանց ձիւնամերձ բարձունքներում: Իրենց չքնաղ լեռնաշխարհում նրանք յամառօրէն պահել են հովտական ժողովրդի կենցաղ եւ հոգեբանութիւն: Եւ հենց այս պատճառով էլ չեն կարողացել օգտուել իրենց անառիկ լեռների ռազմագիտական արժէքից» - գրում էր Հայկ Ասատրյանը:

Դյուցազնավեպում կարելի է գտնել այլ՝ առավել պայծառ պատկեր: Վերականգնելով կործանված տաճարը` Դավիթը երազի մեջ տեսնում է Սբ. Աստվածածնին. «Քո թուր քո մեջքեն քաշի,/ Իմ հիմ քո թրի վերա՛ ձգի,/ Օրե՛ մի կը շինես, կը թամամցես,/ Պատարագ մեջ վանքիս կը մատուցես,/ Որ ես վեր իմ հիման կանգնեմ»: Զարթնելով` նա տեսնում է, որ քարերը վերադարձվել են իրենց տեղերը և Սբ. Աստվածածնի հրամանով վերաշինում է տաճարը:


Հայոց ողջ պատմության մեջ միահյուսված է «իրապաշտությունն» ու «քաջերի խիզախությունը»: Մեկ ու կես ամսվա ընթացքում Անդրկովկասյան Սեյմի Թիֆլիսից ստացված հրամանով, առանց դիմադրության, Կարսի «իրապաշտական» հանձնմանը հետևել են խիզախ «ծրերի» գործած Սարդարապատի և Բաշ-Ապարանի հաղթանակները և ապա, գերթե անմիջապես, Բաթումի «իրապաշտական» պայմանագիրը: Արցախյան շարժման «սահմանադրական» փուլի ինքնասպան «իրապաշտությանը», երբ մարդիկ դուրս էին գալիս ցույցերի կոմունիստական առաջնորդների պատկերներով և «Լե՛նին, Կուսակցությո՛ւն, Գորբաչև՛» կարգախոսներով, հետևել է կամավորական-ազատամարտիկների «խելագար հերոսությունը», որը ցույց է տվել, թե ինչպես է ձեռք բերվում հաղթանակը:

Երբեմն «խելագարներն» ու «իրապաշտները» մարտի դաշտում իրար են բախվում՝ ինչպես Ավարայրում Վարդան Մամիկոնյանը և Վասակ Սյունին: Հաճախ բաժանարար գիծն անցնում է միևնույն մարդու հոգու մեջ` հայկական ջարդերը կազմակերպած Բաքվի գեներալ-նահանգապետ Նակաշիձեին մահապատժի ենթարկող Բաշ-Ապարանի հերոս «խելագար»Դրոն և նույն ինքը կոմունիստների ձեռքերում հայտնված և Սյունիքում խորհրդային իշխանության հաստատմանը համաձայնելու կոչով Նժդեհին գրություն ուղարկած և վտարանդիության մեջ շարունակական փոխզիջումներ որոնած «իրապաշտ» Դրոն:

Հայոց աշխարհի այս երկու միտումների միջև պայքարը դիտելիս` նկատում ենք, որ «իրապաշտներն» ու «ներկա պահի» երկրպագուները հոգեպես, հաճախ նաև ֆիզիկապես, օտարված են Հայոց Լեռնաշխարհից: «Իրապաշտության» բոլոր տարատեսակները միակ և վճռորոշ իրականության` Լեռնաշխարհի կորստյան հետևանքն են: Միայն Լեռնաշխարհը, նրա մշտնջենավոր կենարար ոգին շնորհում է ուժ ու արիություն՝ ընթացիկ պահից և պատմական ժամանակից վեր կանգնելու, լեռնագագաթի ջուրն ըմպելու և ընդամենը մի պահ Հայկին՝ Բելի դեմ մղած հավիտենական կռվի մեջ նույնանալու: Լեռնաշխարհի հողի և ջրի մասին խոսելով` դժվար է դիմադրել Փավստոս Բուզանդի հայտնի հատվածը մեջբերելու գայթակղությանը: Պարսից Շապուհ արքան, խորհուրդ հայցելով, դիմում է իր մոգպետներին և հարցնում.

«Բայց Արշակ արքայ Հայոց այս երեսուն ամ է Արեաց` զի ետուն ընդ նմա ճակատս, եւ յաղթել եւ ոչ մի ամ ոչ կարացաք. եւ ելեալ է եկեալ ոտիւք իւրովք: Բայց թէ գիտէի` թէ յայսմ հետէ կայցէ յուխտին իմում եւ ի հնազանդութեան բարեաւ ուխտիւ, մեծապէս մեծարանօք արձակէի զնա խաղաղութեամբ յիւր աշխարհն:

Իսկ քաւդեայքն ետուն նմա պատասխանի եւ ասեն. Թող մեզ այսօր, եւ վաղիւն պատասխանի արասցուք քեզ: Իսկ ի վաղիւ անդր ժողովեցան եկին ամենայն քաւդեայքն եւ աստեղագէտքն, եւ ասեն ցարքայն. Այժմ զի եկեալ է առ քեզ թագաւորն Հայոց Արշակ, զիա՞րդ խօսի ընդ քեզ, կամ զի՞նչ ձայն ածէ, կամ զիա՞րդ ունի զանձն: Ասէ արքայն. Իբրեւ զմի ի ծառայիցն իմոց համարի զինքն, հող ոտից իմոց ջանայ լինել: Ասեն նոքա. Առ արա զոր ասեմքս քեզ. պահեա դու զնոսա աստէն, եւ առաքեա դու դեսպանս յերկիրն Հայոց, եւ տուր բերել անտի հող ի սահմանացն Հայոց իբրեւ բեռինս երկուս, եւ կահոյր մի ջուր: Եւ հրաման տացես հարկանել զկէս խորանի յատակ ի բերեալ հողոյն Հայոց. եւ առցես քեզէն զձեռանէ արքային Հայոց Արշակայ, եւ տարցես նախ յայն տեղ` որ բնակ իսկ իցէ հողն. եւ հարցցես ցնա բանս: Եւ դարձեալ առցես դու զձեռանէ նորա, եւ տարցես ի հայատակսն ի հարեալ հողոյն. եւ լուիցես դու բանս ի նմանէ, եւ ապա գիտասցես դու` եթէ կա՞յ յուխտի քո եւ պահէ՞ զդաշինս քո թէ ոչ` յետ արձակելոյ քո զնա ի Հայս: Ապա թէ ի վերայ հայ հողոյն խիստ ինչ բարբառեսցի, գիտասջիր` զի որ օր հասանէ յերկիրն Հայոց, զնոյն ձայն ածէ ընդ քեզ, եւ զնոյն պատերազմ նորոգէ ընդ քեզ, զնոյն ճակատս եւ զնոյն թշնամութիւն յուզէ»:

Թարգմ.«…Հայոց Արշակ թագավորը ահա երեսուն տարի է, որ Արյաց հետ պատերազմ է մղում, և ոչ մի տարի մենք չկարողացանք հաղթել, իսկ այժմ ինքն իր ոտով ելել եկել է ինձ մոտ: Բայց եթե գիտենայի, որ թե այսուհետև նա ինձ հետ դաշնը կպահե, հնազանդության անկեղծ ուխտով, ապա շատ մեծարանքներով նրան խաղաղությամբ կարձակեի, որ գնա իր աշխարհը: «Քավդյանները նրան պատասխան տվին և ասացին. Այսօր մեզ ժամանակ տուր, վաղը քեզ կպատասխանեն: Հաջորդ օրը բոլոր քավդյաներն եւ աստղահմաները ժողովվեցին եկան և ասացին թագավորին. Հիմա որ Արշակ թագավորը եկել է քեզ մոտ, ի՞նչպես է քեզ հետ խոսում, ի՞նչ լեզու է բանեցնում կամ ի՞նչպես է իրեն պահում: Թագավորն ասաց. Նա իրեն համարում է ինչպես մեկը իմ ծառաներից. Ուզում է իմ ոտքի հողը դառնալ: Նրանք ասացին թագավորին. Ա՛ռ արա՛ ինչ որ քեզ ասում ենք. Նրանց այստեղ պահիր, մարդ ուղարկիր Հայոց աշխարհը, բերել ոտւր այնտեղից, Հայաստանի սահմաններից մոտ երկու բեռ հող և միա ամանով ջուր: Հետո հրամայիր, որ քո խորանի հատակի կեսի վրա շաղ տան Հայաստանից բերած հողը, ապա դու ինքդ Հայոց Արշակ թագավորի ձեռքից բռնած նախ տար խորանի այն տեղը, որտեղ բնական գետին է, և նրան հարցմունքներ արա: Հետո նրա ձեռքերը բռնած հայկական հող շաղ տված տեղը տար և լսի՛ր թե ինչ կխոսի, և այն ժամանակ կգիտենաս, թե երբ նրան արձակելու լինես Հայաստան, քո ուխտն ու դաշինքը կպահե՞ թե ոչ: որովհետև եթե հայկական հողի վրա խիստ լեզվով կխոսի` իմացի՛ր, որ Հայոց աշխարհը հասնելուն պես հենց նույն օրը նույն լեզուն կբանեցնե, նույն պատերազմը կնորոգե քեզ հետ, նույն ճակատամարտերը, նույն թշնամությունը կշարունակե»:

Պարսից արքան, լսելով մոգերի պատասխանը, Հայաստան մարդկանց է ուղարկում արաբական ուղտերով` հմայության համար անհրաժեշտ Հայոց հողն ու ջուրը բերելու: Մի քանի օր անց նրանք վերադարձել և բերել են այն, ինչի համար ուղարկված էին: Շապուհ արքան հրամայում է իր վրանի հատակի կեսը ծածկել հայկական հողով և վրան ցողել Հայաստանից բերված ջուրը, իսկ հատակի մյուս մասում թողնել տեղի պարսկական հողը: Ապա Շապուհը հրամայում է իր մոտ բերել Հայոց թագավորին, իսկ մնացած մարդկանց հրահանգում հեռանալ և, նրան ձեռքից բռնելով, սկսում քայլել: Երբ նրանք վրանի մեջ քայլելով ոտք են դնում Պարսից հողի վրա, Շապուհն ասաց.

«Եւ երթեւեկս առեալ ընդ խորանն, ասէ ցնա, յորժամ ի պարսիկ ի հողոյն ի վերայ ճեմէին թէ` Ընդէ՞ր եղեր իմ թշնամի, Արշակ արքայ Հայոց. զի ես որպէս զորդի սիրեցի զքեզ, եւ կամեցայ տայ քեզ զդուստր իմ ի կնութիւն, եւ որդի ինձ առնել զքեզ, իսկ դու խստացար ընդ իս, եւ քովք կամօք` առանց իմոց կամաց` եղեր ընդ իս թշնամի. եւ այս լի երեսուն ամ է` զի պատերազմեցար ընդ իս:

Ասէ Արշակ արքայ, թէ Մեղայ քեզ եւ յանցեայ.զի ես եկի եւ կոտորեցի, եւ յաղթեցի թշնամեաց քոց. եւ ակն ունէի ի քէն պարգեւ կենաց, եւ թշնամիք իմ հրապուրեցին զիս, եւ արկին  երկիւղուկս ի քէն, եւ փախուցին ի քէն: Եւ երդումն իմ, զոր երդուայ քեզ, յառաջ ածին զիս. եւ եկի աւասիկ առաջի քո: Եւ աւասիկ ծառայ քո ի ձեռս քո կամ. զինչ եւ պէտք է քեզ, արա զիս, զինչ եւ կամ իցէ. սպան զիս, զի ես ծառայ քո առ քեզ կարի յանցաւոր եմ, մահապարտ եմ:

Իսկ Շապուհ արքայ առեալ զձեռանէ նորա, շրջէր ճեմելով, ի չքմեղս առեալ ածէր ի հայակողմն ի հողն հարեալ յատակն: Իսկ իբրեւ յայն տեղի հասանէր, եւ զհայ զհողն կոխէր, մեծամեծս ըմբոստացեալ հպարտացեալ` այլ ձայն շրջէր. սկսանէր խօսել եւ ասել. Ի բաց կաց յինէն, ծառայ չարագործ տիրացեալ տերանցն քոց. այլ ոչ թողից զքեզ եւ որդւոց քոց զվրէժ նախնեաց իմոց, եւ զմահն Արտեւանայ արքային: Զի այժմիկ ձեր ծառայից զմեր տերանց ձերոց զբարձ կալեալ է. բայց ոչ թողից, եթէ ոչ տեղիդ մեր առ մեզ եկեսցէ:

Իսկ դարձեալ առնոյր զձեռանէ, դարձեալ տանէր յայն հող Պարսից. ապա աշխարէր զասացեալսն, խոնարհէր բուռն հարկանէր զոտից նորա, մեծապէս ապաշխարելով զղջմամբ զասացեալ բանսն: Իսկ յորժամ առեալ զձեռանէ զնա տանել ի հայ հողն, եւս խստագոյն քան զառաջինսն բարբառէր. իսկ դարձեալ միւսանգամ հանէր յայնմ հողոյն, բանիւք յապաշխարութիւն դառնայր: Յայգուէ մինչեւ երեկոյն այնպէս շատ փորձ փորձեաց զնա. զի իբրեւ ի վերայ հարեալ հողոյն տանէր, խոստացեալ ամբարտաւանէր. իսկ ի վերայ բուն գետնոյն յատակին` եւ կայր, ի զղջումն դառնայր»:

Թարգմ. «Արշակ թագավոր Հայոց, դու ինչո՞ւ ինձ թշնամի եղար. Ես քեզ որդու նման սիրեցի, կամեցա աղջիկս քեզ կնության տալ, իսկ դու իմ դեմ խստացար, ինքդ քեզանից, հակառակ իմ կամքի, ինձ թշնամի դարձար և ահա ամբողջ երեսուն տարի է ինձ հետ պատերազմեցիր: Արշակ թագավորը ասում է. Մեղանչեցի և հանցավոր եմ քո առաջ, որովհետև ես եկա, քո թշնամիներին հաղթեցի ու կոտորեցի և հույս ունեի քեզանից կյանքի պարգև ստանալու. Բայց իմ թշնամիները ինձ մոլորեցրին, քեզանից վախեցրին և փախչել տվին: եվ երդումս, որով քեզ երդվեցի՝ ինձ քո առաջը բերեց, ես հիմա քո առաջն եմ, քո ծառադ քո ձեռքի տակ եմ. Ինչպես ուզում ես՝ վարվիր ինձ հետ, եթե կամենում ես՝ սպանիր, որովհետև ես, քո ծառադ, շատ հանցավոր եմ քո առաջ, մահապարտ եմ: Շապուհ թագավորը նրա ձեռքից բռնած շրջում էր ճեմելով և իբրև միամտաբար, բերում էր հայկական հող շաղ տված հատակի վրա: Իսկ երբ Արշակը այն տեղն էր հասնում, հայկական հողի վրա ոտք էր դնում՝ սաստիկ ըմբոստանալով լեզուն փոխում էր, սկսում էր խոսել և ասել. Հեռո՛ւ ինձանից, չարագործ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել, և ես չեմ ների քեզ և քո որդոց իմ նախնիների վրեժը և Արտավան թագավորի մահը: Որովհետև այժմ դուք, ծառաներդ, ձեր տերերի՛ մեր բարձն եք հափշտակել, բայց ես թույլ չեմ տա այդ, մինչև դարձյալ մենք մեր տեղը չգրավենք: Շապուհը դարձյալ նրա ձեռքից բռնած տանում էր պարսկական հողի վրա, այն ժամանակ Արշակը զղջում էր ասածների վրա, խոնարհում էր, նրա ոտներն էր ընկնում, սաստիկ ափսոսում զղջում էր ասածների վրա: Իսկ երբ ձեռքիցը բռնածը տանում էր հայկական հողի վրա՝ առաջինից ավելի խիստ էր խոսում: Նորից հեռացնում էր այդ հողի վրայից՝ սկսում էր խոսքերով ապաշխարել: Առավոտից մինչև երեկո շատ անգամ փորձեց նրան, որ երբ հայկական հող շաղ տված հատակի վրա էր տանում՝ Արշակը խստանում ամբարտավանում էր, իսկ խորանի բնական հողի վրա լալիս էր, զղջում արտահայտում»: (Գրաբար բնագրից թարգմանությունը՝ Ս. Մալխասյանցի)

Վերադառնալով Դրոյի կերպարին հեշտ է նկատել, որ նրա կյանքի երկրորդ կեսը՝ «իրապաշտության» շրջանը, համընկնում է Հայրենիքում անցկացված ընդամենը մի քանի օրերին՝ ի հակադրություն օտարության մեջ վարած երկար գոյությանը:

«Իրապաշտը», հաճախ, բարդ և ոչ միանշանակ անձնավորություն է: «Սասնա ծռեր» դյուցազնավեպում մենք գտնում ենք մի ապշեցուցիչ դրվագ: Երբ Դավիթը թշնամու խորամանկությամբ գերի է ընկնում, հենց «իրապաշտ» Օհանը, վատ երազ տեսնելով, զրահազգեստ է հագնում և մեկնում եղբորոդուն որոնելու.

«Դավիթ, ո՞ւր ես,/ Հիշա՛, Մարութա բարձր Աստվածածին,/ Հիշա՛ զԽաչ Պատերազմին»:

Հենց Օհանի ձայնը ստիպում է Դավթին սթափվել, պատառել շղթաները և դուրս գալ զնդանից: Դյուցազնավեպի իմաստությունը հուշում է, որ «իրապաշտը» ժողովրդի համար ընդմիշտ կորած մարդ չէ: Նրա վարքագիծը հաճախ իրադրային է: Սխրագործության ուժային դաշտում նա, թող թե ժամանակավորապես, կարող է փոխվել, ձերբազատվել «իրապաշտության» կաղապարներից և դառնալ ճշմարիտ իրապաշտ, և այն երկրորդ թևը, որն առաջին հերոսական թևի հետ միասին անչափ անհրաժեշտ է Հայաստանին: Կամենում ենք հավատալ, որ հայ «իրապաշտների» մեծամասնությունը հոգու խորքում օհաններ են: Նրանք այն մարդիկ են, ովքեր ընդունակ չլինելով բոցավառելու, կարող են բոցավառվել այլոց կողմից:

Կարողացավ, արդյո՞ք, բազում այլ հայրենասերների նման պարտությամբ Հայրենիքից վտարված Հայկ Ասատրյանը խուսափել «իրապաշտությունից»: Միանգամայն այո, քանի որ այս հարցում գնահատման բացարձակ չափանիշը պիտք է դիտվի Հայոց աշխարհի և Հայության շահը: Նժդեհի, Հայկ Ասատրյանի և մյուսների քաղաքական գործունեությունը փրկել է կործանումից Հայոց սփյուռքը Եվրոպայի տարածքում` Լա Մանշից մինչև Ռոստով, Բալթյան ծովի ափերից մինչև Հունաստան: Նրանց գրած էջերը հետագա սերունդների համար կտակարան են դարձել:

Ուստի ո՞րն է Հայոց աշխարհի գլխավոր խնդիրը: Արդյո՞ք նա այլևս հերոսներ չի ծնում: Արդյո՞ք մենք «իրապաշտների» լիակատար բռնակալության վկաներն ենք: Խնդիրը երբեմնի միասնական Հայոց աշխարհի տարածքի, լեզվի, մշակույթի քաղաքականության և մնացած այլ մակարդակների վրա պառակտված լինելու մեջ է: Նրա մասնիկներից յուրաքանչյուրն իրեն համարում է բացարձակ ճշմարտություն կրողը և հավակնում ղեկավար դերի, ողբերգականորեն չգիտակցելով իրեն ընդամենը մասնիկ, որը բաղկացուցիչ մյուս մասնիկներից առանձին երբևէ կենսունակ չի լինի:

Իր շուրջը հերոսության համար տեղ չգտնելով՝ ճշմարիտ իրապաշտը գլորվում է «իրապաշտության» մեջ: Իրապաշտ հայրենակիցներին արհամարհելով՝ հերոսները նույնպես վերածվում են վտանգավոր արկածախնդիրների և խամաճիկների՝ չափազանց իրապաշտ օտար ձեռքերում:

Պե՞տք է արդյոք խստորեն դատել Ձենով Օհանին, երբ նա Դավթի մեջ տեսնում է անփորձ պատանուն և իր հոգու ողջ զորությամբ փորձում փրկել նրան մահից և կանխել նրա անխուսափելի թվացող պարտությունը: Դա է կենցաղային իմաստությունը և զուտ մարդկորեն Դավթի հորեղբայրները նրան շատ են սիրում: Նրանք նրա մեջ հերոսին չեն տեսնում և այդ պահին նրանք ձևականորեն արդարացի են: Երկուսը չեն հասկանում մի բան` հերոսին անհնար է նկատել նախապես, ինչպես որ չի կարելի կանխատեսել և հաշվարկել հրաշքը: Հերոսը ծնվում է այն ժամանակ, երբ ինքն անձամբ պատասխանատվություն է ստանձնում: Եվ անմիջապես գործարկվում են այն մեխանիզմները, որոնք օժտում են նրան սխրագործության համար անհրաժեշտ ամեն ինչով. հայտնվում է «Քուռկիկ Ջալալին», տանում է նրան հայրական աղբյուրի մոտ և հուշում ջուրն ըմպել:

Բայց արդյո՞ք ամեն մի հերոսի դիմաց չեն հայտնվի տասը արկածախնդիրներ, ովքեր ի վիճակի չեն դադար առնել և գիտակցել, որ նրանք դեռևս պետք է ձեռք բերեն մի շատ կարևոր բան: Այդպիսինները բռնում են «բութ և ժանգոտ սուրը», շտապում են հեծնել առաջին իսկ պատահած ձին` չկամենալով ոչ մեկին լսել և ոչնչի անսալ:

Հաղթանակի և Հայոց աշխարհի վերածնունդի համար կենսականորեն և միասնաբար անհրաժեշտ են այս երկու բաղկացուցիչները և նախատիպերը: Հերոսների կողքին անհրաժեշտ են նաև ճշմարիտ իրապաշտներ` հերոսականի իրապաշտներ, ովքեր, ի տարբերություն հերոսների, կարող են հանապազօրյա տքնաջան աշխատանքով կերտել նրա «նյութական» ապահովությունն ու ենթակառուցվածքները: Նրանք, ովքեր ընդունակ կլինեն ոչ միայն ապահովել հաղթանակը, այլև պահպանել և ամրապնդել այն՝ վերափոխելով տեսանելի պտուղների: Նրանց առաքելությունը՝ վերադարձված Աշխարհը վերականգնելն ու շենացնելն է, ինչպես նաև ուժի գլոբալ կենտրոնների հետ փոխշահավետ համագործակցության հաստատումն՝ առանց դրանց ծառայելու. և առաջ ընթանալն է՝ առանց ավանդություններն աղճատելու:

միաձուլման հնարավորության մասին վկայում է դրանց ներդաշնակ զուգակցումը մեկ իսկ մարդու մեջ: Բավարար է հիշել այժմ մոռացված ոչ շատ հայտնի Նժդեհի և Ասատրյանի մոտիկ զինակից Ներսես Աստվածատրյանի անունը, ում հետ միասին նրանք Սոֆիայում խմբագրում և հրատարակում էին «Ցեղ և Հայրենիք» և «Տարոնի Արծիվ» թերթերը: Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղի ծնունդ, ՀՅԴ անդամ, Հայկական Մարմնակրթական Ընդհանուր Միության բուլղարական բաժանմունքի պատասխանատու գործիչ Աստվածատրյանը վարում էր ընդարձակ առևտրատնտեսական գործունեւություն` նկատելի նյութական աջակցություն ցուցաբերելով ազգային ազատագրական պայքարին: 30-ական թթ. նա դարձել է հայկական ազգային «Ցեղակրոն» և «Տարոնական» շարժումների գործուն մասնակիցը: Կարո Գևորգյանը նրա մասին գրում էր. «Բուլղարահայ բոլոր խաւերէն սիրուած, ազնուական խառնուածքի մարմնացում, անձնուէր ու հայրենապաշտ..., որի համար իր առեւտրական փայլուն գործէն շատ աւելի կենսական էին մեր ազգային-քաղաքական շահերը և որի մօտ նրբօրէն բիւրեղացած էին հայրենասիրական զգացումներն ու ըմբռնումները»: («Հայրենիք» օրաթերթ, Բոստոն, 11.08. 1957 թ., էջ 3:) 1944 թ. նա ձերբակալվել է և մահացել Ուրալում՝ խորհրդային բանտերից մեկում (տեղեկությունը քաղված է Մուշեղ Լալայանի հոդվածից հեղինակի ծանոթագրություն): Նա ապրում էր որպես իրական իրապաշտ և մահացավ` որպես իրական հերոս…

Եվս մեկ անգամ անդրադառնանք Հայոց փառապանծ դյուցազնավեպին՝ հրաշագործ Ծովասար աղբյուրի վաղ հիշատակությանը, երբ Սասնո հիմնադիրներ Սանասարն ու Բաղդասարը տեսնում են վտակի գետին միախառնվելու վայրը: Նույն դրվագը վերջերս հիշատակում էր նաև մերօրյա Հայոց գրականության ճանաչված վարպետ Լևոն Խեչոյանը. «Ու մեկ բարակ առու մի էնդիեն՝/ Կ’իջներ, կը գար բարձր սարերից,/ Կը զարկեր մեջ էդ գետին,/ Ու կը կտրեր զէդ գետ,/ Ու կը շերտեր չուրի մեջտեղ,/ Ապա կը խառնըվեր մեջ էդ գետին ու կ’էրթար։/ Էդտեղ էրկու աղբեր իրար հարցուցին./ — Էդա բարակ առվի զորություն ի՞նչ է,/ Որ կը կտրի զէդ ահագին գետ, կը կիսի,/ Կ’անցնի ու կը դիպնի էս փըլին։/ Սանասարի միտքըն փոխվեց,/ Վերուց, ասաց Բաղդասարին,/ — Զարմացեր եմ, շատ եմ զարմացեր էդոր վերան:/ Էդ բարակիկ ջուրն կըգա,/ Հրե՜ն, էն սարի գլխեն կը գա,/ Ու կը զարնե գետին, ու կը կտրե,/ Ու նոր կ’էրթա հետ էս գետին։/ Էդ իմալ ջուր է, Բաղդասար։/ Աղբերն ասաց Սանասարին./ — Էդ ջուր ազնանցորդու ջուր է./ Ով որ էդոր ական ջուրըն խմե,/ Էդպես կտրիճ կըլնի,/ Էնոր մեջքըն գետին տվող չի՛լնի։/ Սանասար ասաց Բաղդասարին./ — Ով որ զէդա պստիկ ջրի ակըն գտնե,/ Ու զիր տունն էլ շինե վեր էդ ջրին,/ Էնոր զավակն էլ որ ըլնի,/ Էդպես զորեղ կ’ըլնի,/ Էնոր մոտեն ազնանցորդի կ’էլնի./ Էնոր տղեք կտրիճ կ’ըլնին»:

Եթե այս պատկերն ընդունենք որպես Հայոց աշխարհահայաց իրական տեսության այլաբանությունը, ապա կպարզվի, որ հերոսության և իրապաշտության աղբյուրը նույնն է և գտնվում է Լեռնաշխարհի բարձունքներում: Ձորն ի վայր երկար ճանապարհ անցնելով` «բարակ վտակը» չի կորցնում իր ուժը և, ողջ Լեռնաշխարհի «գիտությամբ» ճոխացած՝ հատում է աշխարհի հորդառատ գետը, ուր գալիս թափվում են ոգեղեն ավանդությունների բոլոր վտակներն ու գետերը՝ տիեզերական ժամանակի ընդհանուր հունով Հայոց ինքնությունն անսասան պահած հոսելու համար:

Միայն երկու հայկական «կուսակցությունների» փոխազդեցության և գործուն մասնակցության պարագային կարելի է հասնել հաջողության, մինչդեռ դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցված դատապարտված է պարտության: Արդյո՞ք այդ մասին չի վկայում Հայոց պատմության գրեթե ամեն մի ոլորապտույտում առկա կործանարար երկպառակությունը: Հիրավի՝ ողբերգական մի անհասկացողություն, միմյանց լսելու կամքի բացակայություն և այլ տեսակետի մասնակի ճշմարտացիությունը տեսնելու անկարողություն:

Խոսելով պառակտումների և երկպառակությունների պատճառների մասին` մենք կրկին վերադառնում ենք Լեռնաշխարհի կորստյանը` դարերով ձգված մի գործընթացի, որն ընդամենը կարճատև դադարներով հետ էր շրջվում: Դեպի Լեռնաշխարհ` նախ հոգևոր, ապա նաև ֆիզիկական, վերադարձի անխուսափելիությունը Հայության բոլոր հիվանդությունների ապաքինման միակ գրավականն է:

Միայն դեպի տուն` դեպի Լեռնաշխարհ և Հայոց իրականության ամբողջականությունը վերադարձի ճանապարհին կարելի է հաղթահարել իրապաշտության և հերոսության միջև առկա հակասությունները, և վերստին հասնել Հայոց աշխարհի երբեմնի ներդաշնակությանն ու ամբողջականությանը: Այն ամբողջականությանը, որի մեջ յուրաքանչյուր ոք, պահպանելով հանդերձ իր ինքնությունը, աճում և ավելի մեծ է դառնում: Ի (20-րդ) դարի վերջին տարիների իրադարձությունները, արցախյան պատերազմը, անկասկած, այն պատմական բեկման վկայությունն են, որոնց կարևորությունն ու չափերը մենք դեռևս չենք գնահատել:

(թարգմ. Ա.Քանանյան)
Մեկնաբանություններ:0Оставить комментарий
Գնահատականը:4,33/5Оставить оценку
Использован шрифт AMG Anahit Semi Serif предоставленный ООО <<Аракс Медиа Групп>>