ՕԳՏՎՈՂԻ ՄՈՒՏՔ
Գրանցում
вернуться к обычному виду

Комментарии

"Խմբակային դիմանկար ին տերյեր ում" - Յուլիա ԱՆՏՕՆՅԱՆ

Չգիտես թե ինչու, Դերենիկ Դեմիրճյանի “Հայը” ակնարկի տողերը կարդալիս, աչքերիս առաջ կանգնում է սովետական սոցռեալիզմի առաջատարներից մեկի` Դմիտրի Նալբանդյանի հայտնի “Վերնատուն” կտավը, որը հայ դասականների խմբակային դիմանկարն է` իրենց երևակայական ստեղծագործական ապոթեոզի պահին: Կոմիտասը նվագում է, Սարյանը ճեպանկարում է, Թումանյանը ձեռքի թեթևակի շարժումով և դեպի լուսավոր սոցիալիստական հեռուները սլացող հայացքով փորձում է մեր` հայերիս ազգային հիշողության մեջ ընդմիշտ ամրագրել պահի կարևորությունը: Միացնելով երևակայությունը /ընդունենք, որ այդ պայմանական դիմանկարը կարող է որոշ չափով նմանվել իրականությանը/` ես փորձում եմ պատկերացնել, թե ինչ է տեղի ունենալու քիչ անց, երբ Կոմիտասը հնչեցնի իր վերջին ակկորդը, Սարյանը կատարի մատիտի իր վերջին հպումը թղթին, հայ գրականության նահապետը` Ղազարոս Աղայանը կրծքի գրպանից վերջապես հանի իր ծխախոտատուփը, իսկ տիկին Օլգան բոլորին հրավիրի թեյի սեղանին: Թռուցիկ քննարկելով վերջին քաղաքական զարգացումները, ախորժակով անպատվելով կառավարությունը, կուսակցությունները, Ռուսաստանը, Թուրքիան, Եվրոպան և հայի բախտին խաչ քաշող այլ արտաքին և ներքին ուժերը, դատարկելով երկրորդ թե երրորդ թեյի բաժակը` մտավորականները սկսում են ավանդական մի զրույց, որի միայն մանրամասներն են փոփոխական, իսկ էությունը մշտապես նույն է մնում: “Արդյո՞ք մի բան հասկանում էք հայից”, - հարցնում է Թիֆլիսի օրիորդաց դպրոցի վարժապետ պարոն Դերենիկը: “Չարչի, բուրժուա, արարածներից ամենագծուծը և անասուններից ամենակուշտը”, - հեգնանգով պատասխանում է պարոն Ավետիք Իսահակյանը: “Հապա հիասքանչ վանքե՜րը, հոյակապ աշտարակնե՜րը, գողտրիկ խաչքարնե՜րը…”, - բացականչում է Շանթը: “Տեսե՞լ էք նրա բնակարանը. խլուրդի ծակուռ…”, - միջամտում է ազգագրական գիտելիքների կենդանի շտեմարան` պարոն Ստեփան Լիսիցյանը: “Ռամիկ է գերազանցապես, տանել չի կարող ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն, չի սիրում ոչ ստրկություն, ոչ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն: Կյանքից ավելի ազատությունն է սիրում”, – զրույցի պոչն է բռնում տան տերը` ամենայն հայոց բանաստեղծը: Եվ այսպես` անվերջ… Ուշ գիշերին, կամ վաղ առավոտյան ապագա դասականները ցրվում են իրենց տներով մեկ` բոլորին տանջող հարցի պատասխանի շուրջ այդպես էլ միակարծիք չդարձած: Անցան տարիներ, տասնամյակներ… Փոխվել են դեմքերը, ձայները, բնակարանները, թեյի սպասքը, կահույքի տեսակները, փոխվել է լեզվապաշարը և խոսելաոճը, նկարագրման և վերլուծման մակարդակներն ու հարթությունները, ավելացել են նոր փաստարկներ ու նոր մանրամասներ, սակայն թե՛ խաշ-խորովածի սեղանի շուրջ, թե՛ ինտերնետային ֆորումներում նորից նույն զրույցն է ընթանում:

14.03.2010 Յուլիա Անտոնյան Գնահատականը:0/5
1234
Մուտքագրեք նկարի վրաի տեքստը
Использован шрифт AMG Anahit Semi Serif предоставленный ООО <<Аракс Медиа Групп>>