ՕԳՏՎՈՂԻ ՄՈՒՏՔ
Գրանցում
вернуться к обычному виду

"Խմբակային դիմանկար ին տերյեր ում" - Յուլիա ԱՆՏՕՆՅԱՆ

14.03.2010 Յուլիա Անտոնյան Статья опубликована в номере №5 (26).
Մեկնաբանություններ:0 Գնահատականը:0/5
Չգիտես թե ինչու, Դերենիկ Դեմիրճյանի “Հայը” ակնարկի տողերը կարդալիս, աչքերիս առաջ կանգնում է սովետական սոցռեալիզմի առաջատարներից մեկի` Դմիտրի Նալբանդյանի հայտնի “Վերնատուն” կտավը, որը հայ դասականների խմբակային դիմանկարն է` իրենց երևակայական ստեղծագործական ապոթեոզի պահին: Կոմիտասը նվագում է, Սարյանը ճեպանկարում է, Թումանյանը ձեռքի թեթևակի շարժումով և դեպի լուսավոր սոցիալիստական հեռուները սլացող հայացքով փորձում է մեր` հայերիս ազգային հիշողության մեջ ընդմիշտ ամրագրել պահի կարևորությունը: Միացնելով երևակայությունը /ընդունենք, որ այդ պայմանական դիմանկարը կարող է որոշ չափով նմանվել իրականությանը/` ես փորձում եմ պատկերացնել, թե ինչ է տեղի ունենալու քիչ անց, երբ Կոմիտասը հնչեցնի իր վերջին ակկորդը, Սարյանը կատարի մատիտի իր վերջին հպումը թղթին, հայ գրականության նահապետը` Ղազարոս Աղայանը կրծքի գրպանից վերջապես հանի իր ծխախոտատուփը, իսկ տիկին Օլգան բոլորին հրավիրի թեյի սեղանին: Թռուցիկ քննարկելով վերջին քաղաքական զարգացումները, ախորժակով անպատվելով կառավարությունը, կուսակցությունները, Ռուսաստանը, Թուրքիան, Եվրոպան և հայի բախտին խաչ քաշող այլ արտաքին և ներքին ուժերը, դատարկելով երկրորդ թե երրորդ թեյի բաժակը` մտավորականները սկսում են ավանդական մի զրույց, որի միայն մանրամասներն են փոփոխական, իսկ էությունը մշտապես նույն է մնում: “Արդյո՞ք մի բան հասկանում էք հայից”, - հարցնում է Թիֆլիսի օրիորդաց դպրոցի վարժապետ պարոն Դերենիկը: “Չարչի, բուրժուա, արարածներից ամենագծուծը և անասուններից ամենակուշտը”, - հեգնանգով պատասխանում է պարոն Ավետիք Իսահակյանը: “Հապա հիասքանչ վանքե՜րը, հոյակապ աշտարակնե՜րը, գողտրիկ խաչքարնե՜րը…”, - բացականչում է Շանթը: “Տեսե՞լ էք նրա բնակարանը. խլուրդի ծակուռ…”, - միջամտում է ազգագրական գիտելիքների կենդանի շտեմարան` պարոն Ստեփան Լիսիցյանը: “Ռամիկ է գերազանցապես, տանել չի կարող ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն, չի սիրում ոչ ստրկություն, ոչ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն: Կյանքից ավելի ազատությունն է սիրում”, – զրույցի պոչն է բռնում տան տերը` ամենայն հայոց բանաստեղծը: Եվ այսպես` անվերջ… Ուշ գիշերին, կամ վաղ առավոտյան ապագա դասականները ցրվում են իրենց տներով մեկ` բոլորին տանջող հարցի պատասխանի շուրջ այդպես էլ միակարծիք չդարձած: Անցան տարիներ, տասնամյակներ… Փոխվել են դեմքերը, ձայները, բնակարանները, թեյի սպասքը, կահույքի տեսակները, փոխվել է լեզվապաշարը և խոսելաոճը, նկարագրման և վերլուծման մակարդակներն ու հարթությունները, ավելացել են նոր փաստարկներ ու նոր մանրամասներ, սակայն թե՛ խաշ-խորովածի սեղանի շուրջ, թե՛ ինտերնետային ֆորումներում նորից նույն զրույցն է ընթանում:


Այդ նախերգանքը դնենք մի կողմ և փորձենք հասկանալ, երբ է սկսվել այդ ազգային մասշտաբների հասնող սեղանի զրույցը և ինչու այն մեր մշակութային իրականության անփոփոխ մասն է մնում: Դա բոլոր ազգերին բնորոշ “մենք” և “նրանք” դիսկուրսը չէ /որը հայերի մոտ էլ կա, բայց դա լրիվ այլ երևույթ է/: Հակադրությունը ընթանում է հայի և հայի միջև: Վատ, “սխալ” հայի /չարչի, բուրժուա, մուրացկան, ծույլ, գոռոզ, ստորացող, միամիտ և այլն…/ և լավ, “ճիշտ” / աշխատավոր, բարի, անկեղծ, ստեղծագործ, ազատատենչ, խստակյաց և խելացի…/: Կարող ենք ենթադրել, որ այն մշտական ուղեկից է եղել հայ նոր գրականության և հայ նոր մտավորականության, որոնց 19-րդ դարի ազգային շարժումների և հակակայսրութենական գաղափարներով լցրած ուղեղներում սկսեցին ծագել ազգի փրկության նախագծերը: Ժնևի, Փարիզի, Բեռլինի, Դերպտի, Սանկտ-Պետերբուրգի համալսարաններում սովորած, մի քանի օտար լեզուներին տիրապետող հայ երիտասարդները պիտի որ երկակի ինքնություն ունենային: Մի կողմից` նրանք իրենց հայ առևտրական, հոգևորական, քաղքենի և գյուղացի ծնողների զավակներ էին, հայ քաղաքային և գեղջկական միջավայրին բնորոշ մտածելակերպի կրողներ  մյուս կողմից` իրենց ողջ կյանքում աշխատել են ազատվել հայ գավառականին հոգեհարազատ հասկացություններից, արժեքներից ու աշխարհընկալումից` դրանք համարելով հետամնաց, հեռացած առաջատար եվրոպական մշակույթի մոդելներից և քաղաքակրթությունից: Մի կողմից` նրանք ծառայում էին ազգային գործին` գրական, հասարակական կամ քաղաքական ասպարեզում, մյուս կողմից` փորձում էին ազգային դաշտ տեղափոխել այն գաղափարները, որոնք ծնվել և մշակվել են ամբողջովին այլ հողի վրա, այլ խնդիրների լուծման և այլ ժողովուրդների ինքնությունը վերականգնելու նպատակով և անկեղծ զարմանք ու հուսահատություն էին ապրում, երբ այդ գաղափարները չէին աշխատում հայ իրականության պայմաններում: Հայի նկարագիրը, էությունը որոշելուն ուղղված դիսկուրսը, իմ կարծիքով, հենց այդ անկեղծ մղումների մեջ զետեղված ներքին խորը հակասության դրսևորումն էր և է: Այդ հակասությունը առաջին հերթին իրենց մեջ էր` եվրոպական ինտելեկտուալի կամ ռուսական ինտելիգենտի պահվածքն ու մտածելակերպը որդեգրած հայ մտավորականների: Մի կողմից` իրենց առաքելական և լուսավորչական մղումների մեջ մտավորականները ձգտում էին դեպի ժողովուրդը, մյուս կողմից` իրենց եվրոպական մշակույթից փոխառած և որդեգրած սոցիո-մշակութային առանձնահատկությունների հետևանքով այն նույն ժողովրդի հետ գտնվում էին տարբեր արժեքային համակարգերում: Ժողովրդի ռոմանտիզացումը, նրա բաղդատումը վիպական հերոսների հետ /Հայկի, Սասունցի Դավթի/, կամ պարզապես պոետիկ այլաբանումը /օրինակ` արծվի հետ համեմատելը/ ներքուստ ուղղված են ի դեմս ժողովրդի իրենց սեփական արմատների ազնվականացմանը, նախնիների իդեալականացմանը, տխուր ներկայից դեպի առասպելական անցյալը տեղափոխելը:

Հայի իր բնութագրի դրական երանգավորում ունեցող կողմերում Դեմիրճյանը ակնհայտորեն կառչում է անցյալից, որովհետև, զարմանալի է, բայց անցյալը ավելի է համապատասխանում իր երազած ապագային: Դա մշակութային պարադոքս է, երբ իր ներկայից դժգոհ ազգը սկսում է նույնացնել իր անցյալն ու ապագան, փորձելով իր անցյալի /իրական թե հորինված/ մեջ գտնել իր ապագայի երաշխիքը, հիմքը, գաղափարն ու կաղապարը: Դա շատ նման է հայտնի կրոնական էսքատոլոգիական տրամաբանությանը, համաձայն որի աշխարհն իր կործանումից հետո պիտի վերադարձնի արարման պահի իր իդեալական, անարատ իրավիճակը: Ազատությանը տենչող Հայկը Դեմիրճյանի շուրթերում լոկ միայն այլաբանություն չէ: Այն Հայկյան ժամանակների վերականգման, երկրորդ գալստի մասին թաքնված երազանք է:

Ընդ որում, Դեմիրճյանը իր ակնարկի նպատակը ամենևին էլ չի տեղադրում որևէ ազգային-քաղաքական խնդիրների ձևակերպման դաշտում, թեև այն ստեղծվում էր արդեն առաջին հանրապետության առկայության պայմաններում: Հայկի հիշատակումը տեքստում գրական այլաբանության շրջանակներից դուրսչի գալիս, նա դրանով խնդիր չի դնում Հայկից մինչև մեր օրերը ուղղակի ժառանգականության ուղու ուրվագծելը, ինչպես որ դա անում էին Խորենացուց մինչև Չամչյան հայ պատմիչներն ու պատմգիրները, կամ ինչպես ներկայումս դա անում են ազգայնական ուղղվածության շուրջգիտական գործիչները: Դա մտավորական-ժողովրդականի /ռուսական “նարոդնիկի” օրինակով/ տեքստ է, որտեղ “ազատություն” բառի մեջ սոցիալ- մշակութային իմաստային երանգավորումները ավելի հստակ են հնչում, քան ազգայնական- քաղաքական և դա լոկ միայն քաղաքական հավակնությունների բացակայությունը չէ, դա կայսրության հպատակի մտածելակերպն է, ոը վախենում է մեծ քաղաքականությունից, ինչպես անփորձ նավաստին` ծովից:

Հայի դիվանագիտական միամտության և անկեղծության, զոհողության և ինքնակործանման վերաբերյալ Դեմիրճյանի հնչեցրած կարծրատիպերը /որոնք արդիական են ցայսօր/ անբաժան են 19-ի դարի գաղութային մտածելակերպից:

Նրանց մեջ զետեղված է գաղութաված ժողովուրդների միամտության, դյուրահավատության, խոստումների և պարտավորությունների նկատմամբ հավատարիմ լինելու գաղափարները: Այդ թեման, ի դեպ, շահագործվում է նաև մեր օրերում, ներկա կառավարության քաղաքական կուրսի կապակցությամբ, թեև հիմնականում` քաղաքական անգրագիտության և կուրության ենթատեքստում / ինչը, ըստ իս, վերոհիշյալ գաղափարների հակառակ կողմն է/: Հայի միամտությունն ու շիտակությունը համահունչ են, ասենք, սեմինոլների առաջնորդ Օցեոլայի արխայիկ պարզունակությանը, որը մտավորական դեռահասների ամբողջ սերունդների ռոմանտիկ պաշտամունքի առարկան էր:

Դեմիրճյանը փորձում է արդարացնել իր հայրենակիցների “սխալները” այնպես, ինչպես սիրող ծնողն է արդարացնում իր անմիտ երեխայի չարաճճիությունները, դրանք բացատրելով իր բարի, բայց խենթ բնավորությամբ, որի բոլոր կողմերը նա փորձում է վերլուծել` հենվելով իր դաստիարակչական փորձին:

Նման տեքտերով 19-րդ դարի երկրորդ կեսին և 20 դարի առաջին քարորդում հայ ժողովրդի բնավորության, որակների և առանձնահատկությունների մասին դիսկուրսի հիմքն էր դրվում, ինչը ընդհանրապես ազգագրական, մարդաբանական և հոգեբանական զանազան տեսությունների ծաղկման ժամանակաշրջանին բնորոշ երևույթ էր /հիշենք ռուս ժողովրդի յուրահատկությունների մասին քաղաքական-փիլիսոփայական բանավեճը, կամ մոտավորապես նույն ժամանակահատվածում գրած ռուսական բնավորության մասին Լոսսկու աշխատանքը/: Հայոց պատմության, հատկապես հայոց եղեռնի պատճառաբանության ցանկացած քաղաքական, մշակութաբանական կամ այլ վերլուծությունը /Նժդեհի, Հայկ Ասատրյանի, Շահան Նատալիի և այլոց/ այս կամ այն կերպ ներառում է այդ դիսկուրսը: Նրա մեջ անելանելիության շունչ է զգացվում, չնայաց անընդհատ կրկնվող հայի բնավորության անհապաղ փոփոխության անհրաժեշտության հրամայականների` պատմության կրկնությունը տեսնելու երկյուղից ելնելով, որն ազգային ֆոբիայի ծավալների է հասնում:

Այդ, արդեն ավանդական դարձած թեման շարունակում են և արդի ազգայնական գաղափարախոսության առաջատարները, որոնք որպես իսկություն են ընդունում հայ ազգի ներքին որակների պատմության ընթացքում անփոփոխ մնալը: Հետևաբար, այդ որակների սպառիչ, կաղապարացված և առասպելականացված ամբողջության ի հայտ բերելը կրկին դառնում է բազմաթիվ “վերլուծականների” առանցքային մոտիվը: Դրա ներքին իմաստը ակնհայտ է: Եթե հայի պատմական ճակատագիրը ելնում է հայի գենետիկորեն փոխանցվող և անփոփոխ ազգային նկարագրից, ուրեմն, հայի փրկությունը կայանում է այդ նկարագրի առավել լիարժեք ըմբռնումից, “առավելությունների” շեշտումից ու զարգացումից և “արատների” բացահայտումից ու վերացումից: Եվ ահա, մենք ազգովի “վերլուծում ենք” ինքներս մեզ: Պետք է ասեմ, որ արդի տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ այդ հիվանդությամբ տառապում եմ գրեթե բոլորը, նույնիսկ այն սոցիո-մշակութային խավերը, որոնց նման ինքնավերլուծությունը ավանդաբար բնորոշ չէր: Պարզապես այն տարբեր մակարդակներում է դրսևորվում, ոմանց համար` սեղանային զրույցների, մյուսների` իրենց կյանքի առաքելության ու նպատակի /քաղաքական, գիտական, արվեստի և այլ ասպարեզներում/ տեսքով:

Այս ամենի ետևում կանգնած է ևս մեկ կարևոր հանգամանք: Նման լայնամասշտաբ դիսկուրսը կյանքի է կոչվել այն ժամանակ, երբ հայերի առջև փայլատակեց ազգային անկախության ձեռք բերելու հնարավորությունը: Նոր ուժգնությամբ այն բռնկվեց վերջին տասնամյակների  ամանակահատվածում, երբ այդ հնարավորությունը առավ իր իրական գծագիրը, ավելի իրական քան երբևիցէ վերջին հարյուրամյակի ընթացքում: Ըստ երևույթին, իր մեջ իր դրսևորումն է գտնում մի յուրահատուկ մշակութային մեխանիզմ, որն ուղեկցում է ազգային /անգլերեն nation բառի իմաստով, այսինքն “պետական ազգ”/ ինքնության կայացման գործընթացը:

Դա մի մեխանիզմ է, որի արդյունքում մենք ձեռք ենք բերում ազգային հպարտության և ազգային մեղքի, ազգային բարիքի և ազգային չարիքի մասին համընդհանուր պատկերացումներ, որոնք իրենց հերթին կարող են հիմք դառնալ մի քանի հնարավոր զարգացումների` ազգային պետականության ամրապնդումից սկսած մինչև տոտալիտար ազգայնական գաղափարախոսության գերիշխում և մշակութային մեկուսացում ու լճացում: Ըստ իս, դա կախված է լինելու նրանից, թե ո՛ր հանգամանքների, ո՛ր անհատների և ո՛ր նպատակների ազդեցության ներքո այդ դիսկուրսը վերածվելու է ազգային պետության կառուցման ռազմավարական քայլերի
Մեկնաբանություններ:0Оставить комментарий
Գնահատականը:0/5Оставить оценку
Использован шрифт AMG Anahit Semi Serif предоставленный ООО <<Аракс Медиа Групп>>