ՕԳՏՎՈՂԻ ՄՈՒՏՔ
Գրանցում
вернуться к обычному виду

"Պաղ հայկական գարուն (Քաղաքական նշագրումներ)" - Հրաչյա Արզումանյան

02.05.2013 Մեկնաբանություններ:0
20-րդ դարավերջին, 21-րդ դարասկզբին հայկական պետականության ճյուղավորումը երկու պետությունների՝ ճանաչված և չճանաչված, խորհող մարդկանց մեծամասնության մոտ ընկալվում էր ավելի շուտ ստիպողական միջոց և զիջում “միջազգային հանրությանը”, քան հայկական ազգային շահերից բխող քայլ:

Այդուհանդերձ, վերջին իրադարձությունների լույսի ներքո հայկական երկու պետությունների հարացույցը այլ դիտանկյունով գնահատման կարիք ևս ունի: Հայությունը հերթական անգամ ականատեսը եղավ այն բանի, որ ճգնաժամային գործընթացները կարճաժամկետ հեռանկարում ուղեկցվում են հայկական պետականության թուլացմամբ և, հնարավոր է՝ նույնիսկ, կայունության կորստով:

Պատերազմական իրավիճակում գտնվող ժողովրդի համար իրադարձությունների նման զարգացումը կարող է ավարտվել աղետով: Համենայնդեպս, այս մասին է վկայում ժողովուրդների, այդ թվում՝ և հայ ժողովրդի, պատմական փորձը:

Սակայն, հայկական պետականության թեկուզ սեղմ ժամկետներում կուտակած փորձը ցույց է տալիս, որ միջազգային ճնշումների ու պատերազմի մշտարթուն սպառնալիքի տակ մեր երկու պետականությունների հարացույցը բավականին կայուն դրսևորումներ է ստանում: Ցանկացած ճգնաժամ անխուսափելիորեն ուղեկցվում է մասնատվածությամբ՝ թե իշխանական վերնախավի, և թե հասարակության շրջանում: Իսկ այս օրերին Ազատության հրապարակում կանգնած հայ ժողովրդի մի հատվածին դիմակայում է մյուս, ասենք՝ օրինակ, պետական մեքենան մարմնավորող հատվածը: Նման իրավիճակում Արցախի առկայությունը հայկական և միջազգային ասպարեզներում դրական դեր է կատարում: Թող որ չճանաչված, բայց փաստացի գոյություն ունեցող երկրորդ հայկական պետությունը, հանդես գալով որպես տարածքային անվտանգության համակարգի անբաժանելի տարր, ի զորու է կայացնել պետության համար առավել կարևորություն ներկայացնող որոշում՝ ապահովել հայ ժողովրդի ռազմական անվտանգությունը: Արցախի հանրապետության առկայությունը թույլ է տալիս հարաբերականորեն հանգիստ լինել, որ հայ ժողովուրդն անսպասելի հարված չի ստանա՝ լարվածության կտրուկ ծավալման և, նույնիսկ, Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի տեսքով: Սա բավականին թեթևացնում է իրավիճակի ծանրությունը և Աշխարհի մայրաքաղաքին՝ Երևանին, հնարավորություն տալիս զբաղվել քաղաքական և սոցիալական փորձարարությամբ: Ակնհայտ է նաև, որ տնօրինել իրավիճակը Արցախը կարող է միայն խիստ սեղմ ժամկետներում, բայց՝ կարող է: Երևանյան գործընթացները հնարավորինս շուտ պետք է ավարտվեն, սակայն, արցախյան պետականության գոյությունը թույլ է տալիս գնալ ռիսկի, որն աներևակայելի կլիներ հայկական միայն մեկ պետության գոյության պայմաններում:

Այդպես էր Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, ով 1997թ.հենվեց Արցախի նորընտիր նախագահ, արդյունքում՝ հանուն Երրորդ հանրապետության վարչապետի աթոռի, Արցախի նախագահական պոստը լքած Ռոբերտ Քոչարյանի վրա: Նմանօրինակ վարքագիծ դրսևորեց և Ռոբերտ Քոչարյանը, արդեն որպես ՀՀ Նախագահ պաշտոնավարելիս՝ 2003 և 2008 թթ.:

Հետադարձ հայացք նետելով և ապագային նայելով կարող ենք ասել, որ Արցախի դերը, Աշխարհի շրջանակներում, չի սահմանափակվում սոսկ հայկական հողերը զենքով ազատագրելու և հայ ժողովրդին սեփական բազկի հանդեպ հավատ ընծայելու առաքելությամբ: Արցախը որոշակիորեն օժտված է “պահպանողական” գործառույթով: Արցախի հանրապետության խնդիրներից մեկն է թույլ չտալ, որ հասարակության ներսում ծավալվող ապակայունացնող գործընթացները հայկական պետականությունը կանգնեցնեն աղետի առջև: Արցախի իրական դերի գիտակցումը ստիպում է վերանայել նրա գործառույթները և դերերը Հայոց Աշխարհը ձևավորող հայկական եռյակի շրջանակներում:

Թեև, թեմայի նույնիսկ մակերեսային ընդգրկումն առանձին հոդվածի պահանջ ունի, և որպես առաջացած խնդիրների և մարտահրավերների օրինակ կարելի է բերել հետևյալ դիտարկումը. Հայկական պետականության Ճգնաժամի առաջին, այդթվում և ներկայիս, փուլում Արցախը պետք է գտնվի որոշակի հեռավորության վրա: Այստեղից Արցախի և արցախցիների համար բավականին խոժոռ հետևություններ, որոնք, այնուամենայնիվ, խնդրվում են: Ընթացիկ փուլում Արցախի դերը Ազատության հրապարակի շուրջ ծավալվող իրադարձություննրին չխառնվելն է: Չխառնվելը, սակայն, տվյալ դեպքում համազոր չէ կողմ քաշվելուն, ձեռքերը լվանալուն և այլն: Մեկ քայլ անելը՝ կես քայլ հետքաշվելն է, ակնդետ հետևելով իրավիճակին և երբ այն հսկողությունից դուրս գալու նշաններ ցույց տա, վերցնել այն սեփական վերահսկողության տակ:Արցախի ուղղակի և անմիջական ներգրավումը դիմակայության մեջ (կարևոր չէ որ կողմից), այս տեսանկյունից դառնում է անցանկալի: Քանի դեռ Երրորդ հանրապետության ներսում շարունակվում է դիմակայությունը, Հայոց Աշխարհը պետք է ունենա “գործող անձ”, ով հետևում է իրավիճակին և պատրաստ է խառնվել դրան, հենց միայն այն տեղափոխվի հայկական հետաքրքրությունների՝ հայ ժողովրդի շրջագծած սահմաններից դուրս: Պետք է ընդունել, որ սա միանգամայն անշնորհակալ դեր է: Քաղաքական դիմակայության բնույթն ինքնին ներառում է ոչ միայն օբյեկտիվ պահեր, ասենք, օրինակ՝ դիմակայող կողմերի ներուժը, այլև՝ սուբյեկտիվ.ինչպիսիք են կիրքն ու հույզերը, և պայքարի կիզակետում “երրորդին” հասնում է երկու կողմից էլ:

Անկասկած է, որ ներկա ճգնաժամի հաղթահարումից հետո հայկական քաղաքական և հասարակական միտքը վերջապես պետք է արդի քաղաքական իրողությունների վերաիմաստավորման խնդիր դնի իր առջև: Սա թույլ կտա ձևավորել և գիտակցաբար գործածել երկու պետությունների հարացույցի առավելությունները և շրջանցել սպառնալիքները: Թույլ կտա մտորել Չորրորդ հանրապետություն նախագծի շուրջ:


Հայաստանի քաղաքական պատմության արցախյան շրջափուլի ավարտը

Հայկական պետականության վերջին ճգնաժամը հնարավորություն է տալիս գիտակցել, որ հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման արցախյան փուլն այլևս եզրագծին մոտ է: Եվ սա դրական եզրահանգում ու արձանագրում է: 20-րդ դարավերջին Հայկական պատմության վերջին էջի փակման սպառնալիքը, որի մասին նախազգուշացնում էր Մոնթե Մելքոնյանը, Հայաստանի մյուս մեծագործ զավակները, չեզոքացված է: Սա չի նշանակում, սակայն, որ հաղթահարված են բոլոր սպառնալիքները և Արցախի անվտանգության ապահովումը հայկական պետականության համար նույն շարքի խնդիրներից է, որպեսև Տավուշի կամ Լոռու անվտանգության ապահովումը:

Հայ ժողովուրդն ընդարձակել է իր ռազմավարական հորիզոնները և կանգնել նոր խնդիրների առաջադրման և լուծման առջև: Մասնավորապես, իմաստավորման պետք ունի այն փաստը, որ Հայաստանի քաղաքական պատմության արցախյան փուլի ավարտը կուղեկցվի նրանում անմիջականորեն ներգրավված դեմքերի քաղաքական կարիերայի ավարտով: Մենք Հայաստանի քաղաքական դաշտի անխուսափելի “մաքրման” և “ամայացման” ականատեսը կլինենք: Արդյոք սա տեղի կունենա ՀՀ նորընտիր նախագահի նախագահական լիազորությունների ավարտին պես: Հայաստանի քաղաքական դաշտը կհերկվի և նոր ցանքսն ընդունելուն պատրաստ, թե՝ կվառվի՝ ամեն դեպքում այն պատրաստ կլինի նոր ծիլերի, նոր քաղաքական դեմքերի, կուսակցությունների ու շարժումների, հին գաղափարների նորովի ընկալման ի հայտ գալուն:

Ինչ-որ տեղ նմանատիպ “հրաժեշտ անցյալին” կարելի էր նկատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք, երբ ասպարեզից իջան և պատմության գիրկն անցան Խորհրդային Հայաստանի քաղաքական ժառանգությունը մարմնավորող դեմքերը: Մեր աչքի առջև Հայաստանի քաղաքական կյանքի պատմության մաս է դառնում նաև Երրորդ Հանրապետությունը, և հույս կա, որ նրա հեռացումը կլինի առավել խաղաղ և վերահսկելի:

Հայկական ապագայի բացասական սցենարների զարգացման հեռանկարը, այսուհանդերձ, կապակցվում է ոչ միայն և ոչ այնքան արդիական ընդդիմադիր շարժման հետ, որքան այլ սպառնալիքի: Խոսքն արցախյան շարժման արդյունքում Հայաստանի հասարակական-քաղաքական ասպարեզում հայտնված ռազմական և քաղաքական գործիչների երիտասարդության մասին է: Երիտասարդությունը, որն անառարկելիորեն մեծ առավելություն է երկրի համար պատերազմի ժամանակ, դրա ավարտից հետո դառնում է պատիժ: Երեկվա հրամանատարները, ովքեր վարժվել էին արագ և վճռական քայլերի պատերազմի դաշտում, վերաճելով քաղաքական գործիչների, առավել նենգ քաղաքական ասպարեզի մարտահրավերները հաղթահարելիս պակաս զորավոր են դառնում:

Թեև պատերազմը քաղաքականության անբաժանելի մասն է, ռազմական և քաղաքական վարքագծերը բովանդակությամբ ու ձևով տարբերվում են: Ռազմական դիմակայության սև-սպիտակ պատկերը որակապես տարբերվում է քաղաքական պայքարի բազմերանգ ներկապնակից, ինչը ստիպում է գործընթացները հաշվի նստեցնել բազմաթիվ հանգամանքների հետ և միջազգային համատեքստում: Հետխորհրդային Հայաստանի քաղաքական կյանքի կարճատև պատմության ընթացքում մենք ոչ մեկ անգամ ենք ականատես եղել, թե ինչպես են ասպարեզից հեռացել իրենց մտածողությամբ ու հավակնություններով քաղաքական աշխարհի իրողությունների հետ չբաղդատվող գործիչները: Այդպիսիք այդպես էլ չկարողացան “հանել զինվորական վերնահագուստը” և գիտակցել, որ քաղաքական ասպարեզն ապրում է այլ օրենքներով և զինվորական գործիքակազմն ու մեթոդները, որոնց իրենք տիրապետում են, հարմար են սոսկ կարճ ժամկետների և քաղաքական խնդիրների աննշան քանակի պարագայում:

Այսպիսով, արցախյան շարժումից սերող ռազմական ու քաղաքական գործիչների սերունդը , սեփական կամքից ու հավակնություններից անկախ, կվերածվի վետերանների: Սակայն, “նորաթուխ” վետերանների ինչպես կենսաբանական, այնպես էլ քաղաքական տարիքը բոլորովին էլ թոշակային չէ, և նրանց համար շատ բարդ կլինի հաշտվել նոր կարգավիճակի հետ: Համաշխարհային քաղաքական պատմությանն, անշուշտ, հայտնի են քաղաքական մի քանի դարաշրջաններում հաջողակ դիտվող գործիչների անուններ: Հետխորհրդային դարաշրջանի նման անհատների թվին են պատկանում Հեյդար Ալիևը կամ Նուրսուլթան Նազարբաևը, ովքեր արդյունավետ քաղաքական գործիչներ դուրս եկան ինչպես խորհրդային համակարգի շրջանակներում, այնպես էլ ազգային պետություններ կառուցելիս: Կարող են, արդյոք, “վաղաժամկետ” (ինչպես իրենց է թվում) վետերան դարձածները հաշտվել նոր կարգավիճակի հետ, կհամաձայնեն, արդյոք “գնալ հանգստի”: Ավելի շուտ ոչ, քան՝ այո: Ցավոք սրտի հայկական քաղաքական գործիչները, էքս-նախագահները և այլք,իրենց անունով չեն ձևավորում հաստատություններ և հիմնադրամներ, որոնց շրջանակներում կարող էին իրենց կուտակած փորձն ու ազդեցությունը փոխանցել հասարակությանը, պետական գործիչների աճող սերնդին:  Հայկական քաղաքական կյանքի գործող անձիք չեն ցանկանում “վետերան” դառնալ: Եվ նման չկամության մեջ, անկասկած, սպառնալիք է թաքնված:

Հնարավոր է, այստեղ տեղին է շրջանառության մեջ մտցնել միջազգային հարաբերությունների համակարգում բավականին գործածական մի փոխաբերություն: Խոսքը, մասնավորապես, հայտնի գիտնական-միջազգայնագետ Դանիել Դրեզների (Daniel W. Drezner) աշխատություններում զարգացում ստացած “զոմբի” և “զոմբի-քաղաքական գործիչ” փոխաբերության մասին է: Այն կոչված է բնութագրել քաղաքական երևույթներն ու գործիչներին, որոնք չեն կարող դասվել ոչ ողջերի, և ոչ էլ մեռածների շարքին, այլ գտնվում են փոքր-ինչ միջանկյալ վիճակում: Չտրվելով փոխաբերության մանրազնին դիտարկմանը, որին, օրինակ, կարելի է հանդիպել “Միջազգային քաղաքական կյանքի տեսություններն ու զոմբիները” (Theories of International Politics and Zombies) մենագրությունում, համառոտ նշենք, որ զոմբիին կարելի է վերագրել հետևյալ հիմնական գծերը: Զոմբիին կարելի է սպանել, եթե միայն ոչնչացնել նրա ուղեղը: Նրանք սիրում են “սնվել”կենդանի մարմնով և անհաղորդ են այլ զոմբիների հանդեպ: Զոմբիի կողմից խայթված կենդանի մարդը ևս զոմբիի է վերածվում:

Եթե տվյալ փոխաբերությունը գործածենք հայկական քաղաքականության առնչությամբ, ապա վետերանների իրենց նոր կարգավիճակի և հայկական քաղաքական կյանքում հայտնված տեղի հանդեպ անհաշտությունը անխուսափելիորեն նրանց կվերածի “զոմբիի”, ում ներգրավումը կենդանի քաղաքական գործընթացի մեջ կվերածի նրան կիսամեռ իրողության: Այդպիսին կարելի է համարել ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվության արդյունքները նախորդ՝ 2008 թվականի, նախագահական ընտրարշավի շրջանակներում,երբ նա “վերակենդանացրեց” ՀՀՇ-ն: Ակտիվություն, որն ի վերջո խժռեց հայ երիտասարդության կենսական էներգիան, այնուհետ նրան դուրս մղելով քաղաքական ակտիվ կյանքից:

Նմանօրինակ հետևանքները կարող են տեղ գտնել և այսօր, եթե հայ հանրությունը արցախյան շարժմանը չվերաբերվի որպես ավարտված քաղաքական իրողության: Արցախի հետագա զարգացումը պետք է դիտարկվի որպես սոցիալ-տնտեսական, իրավական, պետական, այլ ոչ ամենևին քաղաքական գործընթաց: Հայկական պետական կյանքի օրակարգն այս ուղղությամբ ընթանում է արդեն ոչ մեկ տարի, և Արցախն աստիճանաբար սերտաճում է հայկական պետականության միասնական տարածքին: Այսօրվա դրությամբ հայկական երկու պետականությունները մեկ օրգանիզմ են այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են ռազմական և ազգային անվտանգությունները, էկոնոմիկան և ֆինանսները, կրթական համակարգն ու կրոնական հաստատությունները: Այդուհանդերձ, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներից դուրս են մնացել ոչ պակաս կարևորության ոլորտներ և մենք ականատեսն ենք այնպիսի “անգործության”, որն առաջին հերթին ծառանում է հայկական հանրության առջև արցախյան խնդրի հարցադրումը որպես քաղաքական ներկայացնելու հետ: Օրինակ, Արցախը կարող էր դիտարկվել որպես որոշումների ընդունման կրկնօրինակման կենտրոն, պատրաստ տնօրինելու կառավարման գործընթացները ճգնաժամերի կամ իշխանության կաթվածահարման դեպքում: Սա հաստատապես կավելացներ հայկական պետությունների համակարգի կայունությունը, եթե ճիշտ ձև ստանար խնդրի ընկալումը և իրականացվեր գործառույթների բաշխումը:

Միևնույն ժամանակ որպես լուրջ մարտահրավեր պետք է ընդունել սահմանադրական իրավունքի ոլորտում որոշումների բացակայությունը, որոնց առկայությունը հնարավոր կդարձներ մեկ միասնական պետության շրջանակներում հայկական պետականության երկու ձևերի արագ միահյուսումը, առանց երկու պետությունների սահմանադրություններում հընթացս արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության: Այսպիսի նախապատրաստության օրինակ կարող է ծառայել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանացի ժողովրդի հաջողված փորձը: ԳՖՀ-ի սահմանադրական հենքը հնարավոր դարձրեց գերմանական երկու պետությունների “ակնթարթային” միավորումը որակապես տարբեր սոցիալ-տնտեսական հենքերով՝ միջազգային համատեքստում ընդունելի կանոններով: Հետևանքը եղավ այն, որ գերմանացի քաղաքական առաջնորդներն ընդունեցին, որ տվյալ խնդրի լուծման “հնարավորությունների պատուհանը” ավելի քան նեղ է՝ ընդամենը մի քանի օր, սակայն, Գերմանիան կարողացավ օգտվել դրանից և լուծել միացյալ գերմանական պետություն ստեղծելու հարցը: Այսպիսով, արցախյան խնդիրը 21-րդ դարում վերանայման հարկ ունի ոչ այնքան քաղաքական, որքան հայ ժողովրդի ինքնիշխանության՝ պետականություն ու Հայրենիք ունենալու ինքնիշխան իրավունքի առավել խորքային ընկալումների հարթությունում:


Քաղաքական կյանքը և քաղաքականությունը

Հարկ է սևեռվել ևս մեկ խորքային խնդրի վրա, որի դրսևորումներից մեկն անշուշտ սերտորեն փոխկապակցված, բայց ոչ ամենևին նույնական` “politics” և ,,policy,, եզրույթների շուրջ առաջացած շիլաշփոթն է: Հայկական և ռուսական տեքստերում սրանք հաճախ գործածվում են որպես հոմանիշներ և սխալմամբ թարգմանվում որպես “քաղաքականություն”: Առաջին եզրույթը կարելի է թարգմանել որպես “քաղաքական կյանք”, ինչը նշանակում է քաղաքական գործունեություն, քաղաքական ուժերի պայքար ու մրցակցություն, իսկ ամերիկյան անգլերենում՝ և “քաղաքական մեքենայություններ”: Երկրորդը՝ “քաղաքականությունը” , գաղափարների իրագործման նպատակաուղղված ձգտումն է, այս կամ այն ոլորտում սուբյեկտի վերցրած ուղղությունն ու վարքագիծը: Քաղաքական կյանքը քաղաքականության անքակտելի մասն է, բայց ոչ ամբողջը, որն իր մեջ ներառում է նաև քաղաքական գաղափարախոսությունը, մշակույթը, քաղաքականության տեսությունը, ռազմավարության մշակմամբ, երկարաժամկետ միտումներով զբաղվող հաստատությունները և այլք:

Երկու եզրույթների միջև տարբերության գիտակցումը թույլ է տալիս նշմարել Հայաստանի համակարգային խնդիրներից մեկը՝ դա քաղաքական կյանքն քաղաքական տարածության և է քաղաքականության բացակայության ներքո: Որպես հետևանք հայկական քաղաքական կյանքը ծավալում է ստանում այլ ասպարեզներում, որպիսիք են հասարակական դաշտը, ռազմական և սոցիալ-տնտեսական ոլորտները, պետական ապարատը և այլն: Եվ սա լավագույն դեպքում: Վատագույն դեպքում այն ծավալվում է քաղաքական օտար տարածության շրջանակներում, որն ի սկզբանե բարդացնում, իսկ շատ հաճախ անհնարին է դարձնում հայկական ազգային շահերի ապահովումը:

Այսպիսով, քաղաքական գործիչների նոր սերնդի առջև բարդ խնդիր է դրված՝ ձևավորել Հայաստանի քաղաքական տիրույթը: Սա հնարավորություն կընձեռի հայկական քաղաքական կյանքը վարել հայկական քաղաքական ասպարեզում, այլ ոչ “օտարի տանը”, կամ այլ ասպարեզներում: Քաղաքականության ոլորտի ձևավորումը հնարավոր կդարձնի հասարակական-քաղաքական, ռազմական և ակտիվության այլ տեսակների տարանջատումը: Կստեղծվեն համապատասխան պայմաններ, որպեսզի գործարարները զբաղվեն բիզնեսի խնդիրներով, զինվորականները՝ ռազմական ոլորտով, իսկ քաղաքական գործիչները զբաղված լինեն ոչ միայն քաղաքական կյանքով, այլև՝ քաղաքականությամբ:

Սա ավելի քան բարդ խնդիր է, քանզի հենց քաղաքական ասպարեզն է ձևավորում և հրահրում հասարակության ակտիվությունն այլ ոլորտներում: Հայաստանի քաղաքական տարածության ձևավորման փորձն անհապաղ կբախվի այն ուժերի և գործիչների դիմադրությանը, ովքեր իրենց ոչ հատուկ գործառույթների և իրավասությունների կրողն են: Նոր-նոր ծնունդ առած կամ նույնիսկ ավելի վաղ՝ Հայաստանի քաղաքական ասպարեզի ստեղծումը նախաձեռնելու նոր սերնդի քաղաքական գործիչների հստակ ընդգծված կամահայտումից հետո, նրանք կհայտնվեն քաղաքականության գործառույթները յուրացրած այլ ոլորտների ներկայացուցիչների հետ կոշտ պայքարի հորձանուտում: Հայկական քաղաքականությունը պետք է կարողանա ձեռնոց նետել և “վերադարձնել գահը, ստիպելով մյուսներին զբաղվել “սեփական գործերով”:

Ինչպես կարելի է սրան հասնել, ինչ եղանակով կարող է քաղաքականությունը Հայաստան վերադառնալ հազարամյա ընդմիջումից հետո: Սրանք հարցեր ու մարտահրավերներ են, որոնք իրենց բնույթով պակաս բարդ չեն, քան պետականության վերադարձը և հայ ժողովրդի ռազմական անվտանգության խնդրի լուծումը: Բայց առանց նման բեկումի խոսել Հայաստանի և Հայոց Աշխարհի ապագայի մասին 21-րդ դարում կոռեկտ չէ և, նույնիսկ, ինքնագոհություն է: Նման բեկումը հնարավոր դարձնելու համար, այն պետք է հենվի հայկական կեցության խորքային հիմքերի վրա, կոչելով հայ ժողովրդի ինքնիշխանության իրավունքը:

Ակնհայտ է, որ հայկական քաղաքականության վերածնունդը պետք է կայանա Աշխարհի մայրաքաղաքում՝ Երևանում: Եվ այն ազդակը, որ Հայությունը ստացել է վերջին ճգնաժամի շնորհիվ, ճիշտ կլիներ ուղղել նաև վերոթվարկյալ հարցերի շուրջ քննարկումներ նախաձեռնելուն:: Սա հնարավորություն կտար մտքերի փոխանակման եղանակով դուրս գալ վերոհիշյալ հարցերի լուծման բանալու օպտիմալ փնտրտուքի:  Ակնհայտ է, որ շարադրված նյութը անդրադարձ է ծայրահեղորեն կարևոր խնդիրների ու նպատակադրումների մի մասին միայն: Հիշյալ հարցադրումերն անելու, քաղաքականության տեսություն, ռազմավարություն ու մարտավարություն մշակելու և, այնուհետև, կյանքի կոչելու ունակությունը կարող է ծնունդ տալ Հայաստանի Չորրորդ Հանրապետությանը, արդեն ոչ որպես գաղափարի կամ բարեհաճության ու կարգախոսի, այլ՝ 21 դարում Հայաստանի ազգային ծրագրի, որի կենսագործումը կհանգեցնի հայկական պետականության և Սփյուռքի (Աշխարհի) ինքնիշխան, իրավական, հասարակական-քաղաքական և սոցիալ տնտեսական միասնական տարածքի ստեղծմանը:

Արցախ, Ստեփանակերտ,
Մարտ 2013թ.

Թարգմանություն Սուսաննա Զորանյան
Մեկնաբանություններ:0Оставить комментарий
Использован шрифт AMG Anahit Semi Serif предоставленный ООО <<Аракс Медиа Групп>>