ՕԳՏՎՈՂԻ ՄՈՒՏՔ
Գրանցում
вернуться к обычному виду

"Փոխադարձ ակտիվություն" - Կարեն ԱՂԵԿՅԱՆ

21.12.2012 Մեկնաբանություններ:0
Թեզիսներ Նախախորհրդարանի «Հայրենադարձությունը և ազգային անվտանգության մարտահրավերները» թեմայով առաջին լսումի ելույթի համար


Իմ կարծիքով, Հայությունը դեռ չի ավարտել իր՝ որպես արդիական ազգի ձևավորումը: Չի ամրապնդվել ընդհանուր ճակատագրի տեսլականը: Կան առանձին հատվածներ, որոնք ըստ էության ավելի շուտ ռուսահայության, տաճկահայության, պարսկահայության ժառանգորդներ են հանդիսանում: Հայաստանում անհրաժեշտ է ակտիվ քարոզչություն տանել Սփյուռքի հետ մեկ ամբողջություն լինելու մասին՝ անկախ մշակութային և հասարակական-հոգեբանական բոլոր տարբերություններից: Նույն կերպ Սփյուռքում պետք է քարոզչություն տարվի այն ամենի երկրորդայնության մասին, ինչը կապված չէ Հայաստանի հետ:

Հայությունը Հայաստանի միակ ռեսուրսն է: Սփյուռքահայը պետք է հասկանա. որ նա իր ինքնությունը պահում է ոչ թե հօգուտ Հայաստանի, բայց ի հաշիվ Հայաստանի: Հայաստանի համար կարևոր չէ, թե նա “Հայր Մեր”-ը լավ թե վատ գիտի, լավ թե վատ է պարում ավանդական պարերը: Հայաստանի համար կարևոր են նրա էներգիան, նրա կարողությունները, նրա անելիքը: Մարդու զգացմունքները, էներգիան, ժամանակը սահմանափակ են, և նա միշտ կանգնում է ընտրության առջև: Կենտրոնացնելով իր ջանքերը որոշ ուղղությամբ` նա դրանով իսկ թուլացնում է իր ջանքերը մյուս ոլորտներում: Երբ սփյուռքահայը ջանում է իր երկրի լավ քաղաքացի լինել, նա անում է դա ի հաշիվ Հայաստանի: Երբ նա ջանում է որակյալ հայ լինել մշակութային առումով, նա անում է դա ի հաշիվ Հայաստանի և այլն:

Այսօր հայ հասարակական-քահաքական կյանքը բավարար չափով կազմակերպված չէ: Քանի դեռ ընդհանուր ջանքերով չի փոխվել համակարգն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, ոչ մի հարցում, այդ թվում և հայրենադարձության, դրական արդյունք անհնար է ակնկալել:
Ազգ կազմելու շարժումը պետք է ենթադրի Հայաստանի հասարակական և քաղաքացիական ուժերի մասնակցությունը սփյուռքյան կազմակերպությունների վերաձևման և նրանց գործունեության սկզբունքների փոփոխման գործում: Միևնույն ժամանակ սփյուռքահայերը պետք է Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ-ում հասարակական և քաղաքացիական կյանքին ակտիվ մասնակցելու և Հայաստանում անհրաժեշտ բարեփոխումներին աջակցելու հնարավորություն ունենան: Այդպիսի փոխադարձ ակտիվությունը կօգնի հաղթահարել օտարացումը, միջամտության բարոյական իրավունք իբրև թե չունեցող «օտար հայերի» խնդիրը:

Ներկայիս իրավիճակը Սփյուռքն օտար ուժերի կողմից օգտագործելու փորձեր է հարուցում: Կամ բնակության երկրում սփյուռքյան կազմակերպություններ են ստեղծվում Հայաստանում այդ տերության շահերն առաջ տանելու նպատակով: Կամ ստեղծվում են այսօրվա Հայաստանից մեկուսացված «արևմտահայ» «կառավարություններ» և «խորհրդարաններ», որոնք հարմար օբյեկտ են տարբեր արտահայկական ուժերի և հատուկ ծառայությունների ձեռնածությունների համար:

Հենց Հայաստանում գոյություն ունի մի խնդիր, որն համարժեք է Սփյուռքից հայրենադարձությանը: Դա ազատագրված տարածքների բնակեցման խնդիրն է: Հայաստանում վերաբնակեցման շարժման զարգացումն, անտարակույս, բարենպաստ բարոյական կլիմա կստեղծեր Սփյուռքից հայրենադարձության համար: Մինչդեռ այդպիսի շարժման բացակայությունը և, ընդհակառակը, Հայաստանից շարունակվող արտագաղթը բացասաբար են անդրադառնում նաև հայրենադարձության վրա:

Հայրենադարձության մասին խոսելով`պետք է առաջին հերթին հաշվի առնել մարդկանց շահերը: Դժվար է լուրջ արդյունքներ ակնկալել, երբ անտեսվում են առանձին անհատի շահերը: Անհատական շահերը կարող են վնաս հասցնել ազգային գործին, բայց առանց անհատական շահերի էլ գործն առաջ չի շարժվի: Անշուշտ, պետք է աջակցության ծրագրեր լինեն ինչպես Սփյուռքից Հայաստան ներգաղթողների, այնպես էլ (նույնիսկ ավելի մեծ չափով) ազատագրված տարածքներում վերաբնակվողների համար: Հասարակության մեջ պետք է քարոզվի այդ ծրագրերի արդարացվածությունը:
Բայց առաջին հերթով հայը պետք է հավատա, որ նա իր օգուտը կքաղի ոչ թե ազգի և հայ հասարակության հաշվին, այլ ազգի և հասարակության շնորհիվ:

Անվտանգության հետ կապն ակնհայտ է: Հայրենադարձություն/արտագաղթ հարաբերակցությունն ազգի ձևավորման գլխավոր ցուցանիշն է: Արտագաղթի գերակշռությունը նշանակում է, որ Հայաստանը դեռ ազգային պետություն չէ և հանրապետություն, այսինքն հանրային պետություն, հանրային գործ /res publica/ չէ: Այսպիսի երկիրը միշտ վտանգի մեջ Է: Պետք է ազգայնացնել և հանրայնացնել պետությունը:

Ազգային անվտանգության և հայրենադարձության փոխկապակցված խնդիրների լուծման բանալին ոչ թե իշխանության անձնակազմի փոփոխությունն է, այլ իշխանության և կառավարման ամբողջ համակարգային փոփոխության միտված քաղաքացիական միասնական նախաձեռնությունների զարգացումը Հայաստանում և Սփյուռքում:
Մեկնաբանություններ:0Оставить комментарий
Использован шрифт AMG Anahit Semi Serif предоставленный ООО <<Аракс Медиа Групп>>